ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ հատուկ նիստ է հրավիրել՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման և Դնեպրի ափին գտնվող գյուղերի ու քաղաքների հեղեղման հետ կապված։ Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր այս միջադեպը Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված ամենալուրջ վնասն է, նրա համոզմամբ՝ սրա հետևանքներն անդառնալի են լինելու Ուկրաինայի հարավում ապրող հազարավոր մարրդկանց համար: Նրա խոսքով ջրամբարը կարևոր դերակատարում ուներ տարածաշրջանի համար և ջրի աղբյուր էր միլիոնավոր մարդկանց համար: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Խերսոնի մարզում առնվազն 40 բնակավայր ամբողջությամբ կամ մասամբ հեղեղված է։ Սպասվում է, որ այս թիվը կաճի առաջիկա օրերին:
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Կիսլյացիան Մոսկվային է մեղադրել ուկրաինական կարևոր ենթակառուցվածքի դեմ ահաբեկչական գործողության համար: Անվտանգության խորհրդի անդամներից շատերը հանդիպման ժամանակ պնդել են, որ ճգնաժամը չէր լինի, եթե Ռուսաստանը չներխուժեր Ուկրաինա:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է քարտուղարությանը՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած քաղաքականացված հայտարարությունների և մեղադրանքների համար: Նրա խոսքով՝ դա ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրության 100-րդ հոդվածով սահմանված օբյեկտիվության և անաչառության սկզբունքը։ Ամբարտակի պայթեցման համար նա մեղադրել է ուկրաինական կողմին՝ նշելով, որ նման դիվերսիաները կարող են դասակարգվել որպես պատերազմական հանցագործություն կամ ահաբեկչական գործողություն:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալը Անվտանգության խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս փաստեր չունի տեղի ունեցածի մեջ ռուսական կողմի մեղավորության վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի նիստից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն էլ հայտարարել էր, որ առնվազն 16 հազար մարդ կորցրել է տունը Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո: Նա տեղի ունեցածը հսկայական մասշտաբների հումանիտար, տնտեսական և բնապահպանական աղետ է որակել: ՄԱԿ-ը չունի որևէ տեղեկություն, թե ինչպես է պայթել ուկրաինական ամբարտակը,Գուտերեշը դա բնութագրել է որպես «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու ևս մեկ կործանարար հետևանք»:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազարին՝ Դնեպր գետի արևմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, իսկ 25 հազարին էլ՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջաններից:
Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունից էլ տեղեկացրել են, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքի ծավալը կհասնի առավելագույնին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի:
ՀՀ ԱԳՆ-Ն ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱԿ-Ի ԱԽ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
ՄԱԿ-ի ԱԽ 2024-2025 թթ. ոչ մշտական անդամներ են ընտրվել Սլովենիան, Ալժիրը, Սիեռա-Լեոնեն, Կորեայի Հանրապետությունը, Գայանան: Հայաստանի արտգործնախարարությունը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին, որում նշված է.
«Մաղթում ենք ամենայն հաջողություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատու առաքելության մեջ»:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մեկնել է Միացյալ Նահանգներ։ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում նրան դիմավորել են ԱՄՆ-ի արարողակարգի ղեկավարը և Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպանը: ԱՄՆ կատարած երկօրյա այցի ընթացքում Սունակը կհանդիպի գործարարների, Կոնգրեսի քաղաքական գործիչների, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի հետ։ Բրիտանիայի կառավարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդես կգա երկու երկրների միջև տնտեսական անվտանգության կապերի խորացման օգտին:
ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԲԱՆԱԳՆԱՑԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Հռոմի Պապի բանագնաց, կարդինալ Մաթեո Ձուպին Կրեմլից համաձայնություն է ստացել այցելելու Մոսկվա՝ հայտարարել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավարը: Հստակ ամսաթիվ դեռ չի նշվում: Երեկ Մաթեո Ձուպին հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Նրանք քննարկել են ուկրաինական կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը։
ԻՐԱՆԸ ՎԵՐԱԲԱՑԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ԻՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Յոթ տարի փակ լինելուց հետո Իրանը երեկ վերաբացել է Սաուդյան Արաբիայում իր դեսպանատունը. երեք ամիս առաջ երկու երկրները համաձայնել էին վերականգնել երկկողմ հարաբերությունները՝ Չինաստանի միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում: Էր Ռիադում դեսպանատան բացման արարողության ժամանակ կարմիր ժապավենը կտրել են Իրանի փոխարտգործնախարարն ու Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հյուպատոսական հարցերով տեղակալը: Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը թևակոխում է նոր դարաշրջան։ Ալիռեզա Բիգդելին շնորհակալություն է հայտնել Չինաստանին և մի շարք այլ երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի համար։ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վերաբացումը ակտիվ նախապատրաստման փուլում է. բացման կոնկրետ ամսաթիվ դեռևս չի նշվում: