Գծանշումների «Ա» տառը հուշում է, որ ճանապարհի այդ հատվածը նախատեսված է ավտոբուսների համար: Արդեն մի քանի օր է՝ Երևանում շահագործվել է հասարակական տրանսպորտի՝ առանձնացված առաջին երթուղին, որը Սարալանջով իջնում է դեպի Աբովյան պուրակ՝ շրջանցելով Տերյան փողոց հասնող ոլորանները:
Քաղաքում հասարակական տրանսպորտին արտոնություն տվող ճանապարհահատվածը դեռ փոքր է, բայց վարորդներն արդեն զգում են դրա առավելությունը:
Անդրանիկ Պողոսյան (վարորդ) - Բնականաբար խցանումներից խուսափելու համար դա ահագին փոփոխություն տվել է, չեմ կարող ժամանակահատվածով ասել, որովետև նայած ժամի, նայած խցանման, նայած Տերյանի այդ հատվածը ինչ տիպի էր խցանված լինում, բայց էս նոր ճանապարհահատվածը, դե, բնականաբար, միշտ բաց է:
Գործընկերներն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավարը լրացնում են՝ առավոտյան գերծանրաբեռնված երթևեկության ու խցանումների ընթացքում ժամանակի խնայողությունը մինչև 10 րոպեի է հասնում:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Բայց դա սկիզբն է շարունակական այլ պրոցեսների, ու ներկայումս դիտարկվում են այլ փողոցներ, աշխատանքներ են տարվում արդեն դրանց շուրջ, որպեսզի երթևեկության կազմակերպման նման փոփոխությունները տեսանելի լինեն նաև այլ փողոցներում:
Նախատեսվում է, որ հաջորդը կլինի Գայի պողոտան: Ավտոբուսային երթուղի կառանձնացվի պողոտայի և՛ իջնող, և՛ բարձրացող ուղղություններում:
Վազգեն Հարությունյան - Երբ որ առանձնացված երթևեկելի գոտի լինի հասարակական տրանսպորտի համար, ներկայիս իրավիճակը, որ հասարակական տրանսպորտը փորձում է մեկը մյուսին անցնել, այս խնդիրը պետք է վերանա, որովհետև բոլորը երթևեկելու են մի գոտիով և իրար հետևից, վազանցի խնդիրը էստեղ բացառելու ենք: Կանոնավոր երթևեկություն ենք ապահովելու:
Վազգեն Հարությունյանի խոսքով՝ Գայի պողոտայում առանձնացված երթուղի ունենալու համար արդեն որոշակի վերլուծություններ ու հաշվարկներ արվել են, բայց թե ե՛րբ այն կշահագործվի, դեռ հստակ չէ:
Մասնավոր տրանսպորտային միջոցները կարող են հատել ավտոբուսային երթևեկելի գոտիները, կայանել մայթեզրին, բայց այդ հատվածով երթևեկելու իրավունք չունեն, հակառակ դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն: Վերահսկողությունը պետք է իրականացնի ճանապարհային ոստիկանությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան