ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի կառույցներում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համագործակցությանը:
«Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է: Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը, հատկապես էներգետիկայի, բարեփոխումների, առևտրի և ներդրումների ոլորտներում: Կոմունիկացիաները և էներգետիկան ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի առանցքային տարրերն են, որոնք ուղղված են Ադրբեջանում մինչև 2 մլրդ եվրոյի զգալի պետական և մասնավոր ներդրումների մոբիլիզացմանը: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում կոմունիկացիաների հարցում, հատկապես՝ Միջին միջանցքի կառուցման հարցում, որը կկապի Եվրոպան Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների հետ՝ ապահովելով էներգետիկ աղբյուրների և տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացիան՝ առաջին հերթին Հարավային գազային միջանցքի շնորհիվ:
2022 թ. հուլիսին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր: Նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և ԵՄ-ն մտադիր է շարունակել բանակցությունները՝ դրանք շուտափույթ ավարտելու նպատակով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը և պարտավորություն ստանձնել գործելու ԵՄ բոլոր անդամ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ»,- նշված է հայտարարությունում:
ԵՄ-ն անդրադարձել է նաև Ադրբեջանում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման խնդիրներին՝ նշելով, որ դա բխում է Ադրբեջանի երկարաժամկետ շահերից՝ ապահովելու երկրի կայունությունն ու բարգավաճումը:
«Մայիսի 22-23-ը Բրյուսելում արդարադատության, ազատության, անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության ենթակոմիտեի վերջերս կայացած նիստի ժամանակ ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել դատական համակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման և պետական կառավարման արդիականացման ուղղությամբ՝ այն ԵՄ չափանիշներին համապատասխան ավելի թափանցիկ դարձնելու նպատակով:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն նշել է, որ անհրաժեշտ են հետագա քայլեր Ադրբեջանի դատական համակարգի անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար և մտահոգություն է հայտնել անկախ գործիչների շարունակական հետապնդումների կապակցությամբ: ԵՄ-ն նաև հիշեցրել է ԶԼՄ-ների մասին 2022 թվականի օրենքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության և քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքի վերաբերյալ 2023 թվականի եզրակացության մասին և մտահոգություն հայտնել, որ այդ օրենքները կարող են ազդել Ադրբեջանում քաղաքական բազմակարծության և հավաքների ազատության իրավունքի իրականացման վրա:
ԵՄ-ն Ադրբեջանի առանցքային գործընկերն է բարեփոխումների հարցում և պատրաստ է աջակցելու Ադրբեջանին նշանակալի բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- նշված է ԵՄ հաղորդագրությունում:
Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան