ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գ. Թ.-ն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին առաջարկել է կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի անգործության համար:
«Մասնավորապես՝ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկու պարեկները 2023 թվականի մայիսի 23-ին Երևանի Բագրատունյաց փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են Գ. Թ.-ի վարած ավտոմեքենան և կատարել վարորդի սթափության վիճակի զննություն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Գ. Թ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, որից հետո վերջինիս պարզաբանվել է, որ վերոնշյալ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրասպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ: Այդ ընթացքում վարորդ Գ. Թ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ կաշառք, որը, տեսաձայնագրման սարքերի դիտարկումից թաքցնելու նպատակով, անձնագրի մեջ թաքցրած փորձել է դնել պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկում: Դրանից հետո, սակայն, Գ. Թ.-ն պարեկների կողմից ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար Գ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: