ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերն անդրադարձել են ռուս-թուրքական գործակցության արդիական հարցերի, վստահություն հայտնել, որ շարունակելու են բազմաբնույթ և փոխշահավետ գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցմանը, որը հանգեցրել է լայնածավալ բնապահպանական ու հումանիտար աղետի՝ տեղի ունեցածի համար մեղադրելով Ուկրաինային:
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման թեման Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Ուկրաինայի նախագահի հետ: Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել միջադեպը հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծելու գործում: Նա առաջարկել է հանձնաժողովում ընդգրկել պատերազմող կողմերի ներկայացուցիչներին, ինչպես նաև ՄԱԿ-ի և Թուրքիայի փորձագետների: Թուրքիայի նախագահը շեշտել է Անկարայի պատրաստակամությունը՝ բոլոր ջանքերը գործադրելու հաջող բանակցությունների կազմակերպելու գործում:
ԽԵՐՍՈՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ 35 ԲՆԱԿԱՎԱՅՐ ԱՆՑԵԼ Է ՋՐԻ ՏԱԿ. ՍԱԼԴՈ
Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցման հետևանքով Խերսոնի շրջանում 35 բնակավայր ջրի տակ է անցել, հայտնել է շրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նրա խոսքով՝ ջրհեղեղի գոտուց տարհանվել է 1500 մարդ, զոհերի մասին տվյալներ Սալդոն չի հայտնել: Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու, 17 հազարին՝ Դնեպր գետի արևմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, իսկ 25 հազարին էլ` Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջաններից:
Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունից էլ տեղեկացրել են, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքի ծավալը կհասնի առավելագույնին, իսկ 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի:
ՄԱՅՔ ՓԵՆՍԸ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Իր տեսաուղերձում նա նշել է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ոչնչացրել է «ամերիկյան երազանքը»։ Խնդիրների թվում նա նշում է ինֆլյացիայի աճը, ռեցեսիան, աշխատավարձերի կրճատումը, միգրանտների հետ կապված խնդիրները։
Հանրապետական կուսակցության կողմից առաջադրման համար Միացյալ Նահանգների ժամանակակից պատմության ընթացքում առաջին անգամ նախկին փոխնախագահը փաստացի մրցելու է նախկին ղեկավարի հետ:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերին։ Դոնալդ Թրամփը ևս պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՐԶԵՑՎԵԼ Է
Արտերկրում բնակվող վրացիների համար Վրաստանի քաղաքացիություն տրամադրման կարգը պարզեցվել է. կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը։ Ըստ Վրաստանի «Քաղաքացիության մասին» օրենքում կատարվող փոփոխությունների` եթե ավելի վաղ անհրաժեշտ էր նախ հավաքել անհրաժեշտ փաստաթղթերն ու միայն դրանից հետո հանձնել քննությունները, ապա այժմ, ժամանակն ու գումարը խնայելու համար, պետք է նախ հանձնել քննությունը, այնուհետև ներկայացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին դիմումը: Երկրորդ փոփոխությունը թույլ է տալիս անժամկետ քննություններ հանձնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար: