ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ և կօգտվեն այն բոլոր լիազորություններից, որոնք նախատեսված են նախագծով:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագիծը մեկ տարի և ավելի ժամանակահատվածում գտնվում է քննարկման և մշակման փուլում, առաջարկություններ են ուղարկվել բժշկական ասոցիացիաների կողմից, որոնց շուրջ ընդհանուր համաձայնություն է եղել: Առաջարկություններ են ուղարկվել նաև Կառավարության կողմից, որոնք ընդունվել են: Նախագիծը քննարկվել է գրեթե 22 ասոցիացիաների հետ: Նպատակն է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել բժշկական ասոցիացիաների և նախարարության հարաբերությունները, ինչպես նաև ասոցիացիաների ներուժն օգտագործել ի շահ առողջապահության համակարգի կայացման: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախատեսվել է, որ համագործակցությունը կայանա համաձայնագրի հիման վրա:
Նախագծի համահեղինակ Լուսինե Բադալյանը տեղեկացրել է, որ սահմանված որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն ասոցիացիաները, որևէ կերպ նպատակ չունեն սահմանափակելու ասոցիացիաների գործառույթները: «Նշված չափանիշներն ուղղակիորեն հնարավորություն են տալիս իրենց ոլորտային հարցերը նախարարության հետ քննարկել, քաղաքականության մշակման ընթացքում իրենց մասնակցությունն ունենալ և մասնագիտական կարծիք հայտնել»,- նշել է պատգամավորը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում մասնագիտական ասոցիացիաների խոշորացումն արդեն իսկ փաստ է, քանի որ շարունակական մասնագիտական զարգացման բարեփոխումները ևս նպաստում են շատ ավելի կարևոր գործառույթի ձեռքբերմանը: «Իսկ նախագծով սահմանված փոփոխությունները ոչ միայն չեն վնասի, այլ նաև կօգնեն ասոցիացիաների խոշորացմանը»,- հավելել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Կառավարության կողմից արված առաջարկություններն ընդունվել են, որոնցից մի քանիսն առաջարկել է դիտարկել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: