Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումից հետո նույնանուն ջրամբարը կդադարի գոյություն ունենալուց երկու-երեք օրից։ Ջրամբարի մոտալուտ անհետացման մասին գրել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը՝ հենվելով մասնագետների կանխատեսումների վրա, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մինչև հունիսի 20-ը ջուրը կլցվի Սև ծով, կառաջանա Դնեպրի նոր բնական հուն, բայց առանց Կախովկայի ջրամբարի, որը երկու-երեք օրից կանհետանա։ Դնեպրը Կախովկայի ՀԷԿ-ից բարձր կլինի»,- պարզաբանել է նա։
Ռոգովը հավելել է, որ Դնեպրի նոր հունը բավականին հեռու կանցնի Էներգոդար քաղաքից և Զապորոժիեի ԱԷԿ-ից։
Ամբարտակի մասնակի փլուզման հետևանքով Դնեպրի ջրերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով ափամերձ բնակավայրերը, որոնք գտնվում են հոսանքն ի վար: Մասնավորապես, ամբողջությամբ հեղեղվել է Նովոկախովսկի քաղաքային օկրուգի երեք բնակավայր։ Արտակարգ պատահարից հետո սպառնալիքի տակ է հայտնվել Ղրիմի և Խերսոնի մարզի հարակից շրջանների ջրամատակարարումը: Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում ամբարտակը միտումնավոր ավերելու համար։