ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անցկացվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը:
Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։