Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019 թ. ապրիլի 9-ին Երևանում ստորագրված Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագծին։
«Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերություններ։
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Համաձայնագրի նախագիծը, բացի շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվելուց, նաև Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է Սահմանադրության պահանջներին համապատասխանող»,- հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Նշենք, որ Չեխիան 2019 թվականին Հայաստանին ծանուցել է համաձայնագրի ընթացակարգերի կատարման մասին։