Հայ-չեխական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական գործակցության աշխատանքային խումբ։
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական գործակցության մասին համաձայնագիրը։
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Ըստ այդ համաձայնագրի՝ սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված այլ հարաբերությունները:
Ըստ համաձայնագրի՝ լիազոր մարմինները կլինեն երկու երկրների պաշտպանության նախարարությունները: Սարգսյանը նշեց՝ 2019-ին ստորագրված համաձայնագրի նախագիծը Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել և այժմ այն ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու են 4 տարի անց որոշել վավերացնել այն։ Արման Սարգսյանը պատասխանեց՝ քովիդի համավարակով պայմանավորված՝ Չեխիայի խորհրդարանն այս տարի է դրական եզրակացությամբ ընդունել այն, իսկ Հայաստանում հետաձգման պատճառներից է եղել նաև 44-օրյա պատերազմը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նիստի ժամանակ առաջարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ներքին գործերի նախարարության ծառայողների զինգրքույկներում ավելացնել մասնակցելու մասին գրառումը։
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - 44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ շատ ծառայողներ ստացել են վիրավորումներ, և շատերի մոտ, գուցե բոլորի մոտ, չկա մասնակցի համապատասխան գրառումը։ Պաշտպանության նախարարության հետ խնդրում եմ էս խնդիրը փորձեք լուծել։ Դրանից կախված է նաև այդ մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունը։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՊԱԿԻՆԵՐԻ 70% ԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻՆ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նիստի ընթացքում անդրադարձավ ապակիների 70 տոկոս թափանցելիության պահանջին, ասաց՝ պարեկները պատգամավորներից մեկին տուգանել են, չնայած որ նա զգուշացումից հետո պոկել է թաղանթը:
Գեղամ Մանուկյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Շատ հստակ կարո՞ղ ենք արձանագրել՝ այսօր եթե թաղանթով մեքենա լինի՝ տուգանվում է, որովհետև մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ, մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ, այսինքն՝ հստակ մարդկանց ասենք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը համաձայնեց Մանուկյանի հետ, նկատեց՝ այս հարցում տարընթերցումներ կան:
Արմեն Խաչատրյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Իրականում ամսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին, իսկ Վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք՝ 25 հազար։ Ամսի 31-ին Ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային ու մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, որի ընթացում որոշեցինք, որ նվազ հարկադրանքի միջոցներով պիտի հասնել ցանկալի արդյունքի։
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը, դիտողությունը: Որոշվել էր, որ առաջին երկու օրերին կկիրառվի տույժ՝ դիտողությունը, իսկ հետո՝ հիմնական տուգանքը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան