1 տարվա ընթացքում 2000 համալիր ստուգում. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ այս տարվա հուլիսի մեկից մինչև հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը համալիր ստուգումներ է իրականացնելու: Թեև վերջին տարիներին ՊԵԿ-ը նվազեցնում էր տարեկան ստուգումները, այս դեպքում նախորդ տարվա պլանի համեմատ ստուգման ենթակա տնտեսվարողների քանակն ավելացել է գրեթե 3 անգամ: ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն ընդգծում է՝ այս տարվա հաստատված ծրագիրը կոչել են «կանխարգելիչ»:
Կարեն Թամազյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Քանի որ մեր ուսումնասիրությունները և քննարկումները ցույց են տվել, որ բազմաթիվ են հարկ վճարողները, որոնք օգտվում են Հարկային օրենսգրքով արդեն իսկ վերապահված իրենց իրավունքից՝ ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով ճշտումներ ներկայացնելուց, առաջնորդվում են այս սկզբունքով, որ եթե կհայտնվեն ստուգումների ծրագրում, ապա կճշտեն իրենց հարկային հաշվարկները կամ թերհայտարարագրած հարկման օբյեկտները, եթե չեն հայտնվի ծրագրում, դե, բնականաբար կշարունակեն թերհայտարարագրած ձևով շարունակել իրենց գործունեությունը:
«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Էդուարդ Բադալյանի խոսքով՝ ցուցակում հայտնվածներից դժգոհություն են ստացել, որ մի քանի տարի անընդմեջ նույն ընկերությունը հայտնվում է ցանկում:
Էդուարդ Բադալյան («Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փոխնախագահ) - Դրանում, օրինակ, հայտնվում են տնտեսվարողներ, որոնք պարբերաբար ամեն տարի ստուգվում են, սակայն առանց էական խախտումների արձանագրման, այսպիսի դեպքերում այս մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչու են իրենք անընդհատ հայտնվում այդ ցուցակներում:
Բոլորը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտներ են, ընդգծում է Կարեն Թամազյանը, հավելում` համակարգը ինքնաշխատ եղանակով է ընտրում ստուգվողներին: Ցանկում ներառված ընկերությունների 43.7 տոկոսը առևտրի ոլորտից է, 11.2 տոկոսը՝ մշակող արդյունաբերության, 10 տոկոսը՝ տեղեկատվության և կապի:
Կարեն Թամազյան - Տարեկան ծրագրում ընդգրկված սուբյեկտների համախառն եկամուտը կազմում է 2022 թվականին բոլոր հարկ վճարողների հայտարարագրված համախառն եկամտի ավելի քան 50 տոկոսը, այսինքն` ստացվում է, որ ծրագրում ընդգրկված սուբյեկտները` հենց երկրի համախառն եկամտի 50 տոկոս և ավելին, ներառված է ստուգման ծրագրում և պոտենցիալ կարող է ենթարկվել ստուգման:
Էդուարդ Բադալյանը նշում է՝ ստուգվողների ցանկում ՏՏ ոլորտի հայտնվելը հասկանալի է, որովհետև այս ոլորտը արտոնություններից է օգտվում և, բնականաբար, նրանց նկատմամբ վերահսկողությունը պետք է ավելի ինտենսիվ լինի, բայց ցանկի ամբողջ բովանդակության հետ համաձայն չէ:
Էդուարդ Բադալյան - Այ, օրինակ, առևտրի ոլորտի մասով այն, իհարկե, ռիսկային է, ես ևս գտնում եմ, որ այն ռիսկային ոլորտ է, բայց ես չեմ կարծում, թե դա այն ոլորտն է, որտեղ հարկային ռիսկերի ամենաարդյունավետ բացահայտման միջոցը համալիր ստուգումն է:
Կարեն Թամազյան - Բնականաբար, մանրածախ առևտրի ոլորտը քանակով ավելի շատ է ընդգրկված ստուգումների ծրագրում, քանի որ հենց այս ոլորտը մեր բոլոր ընդհանուր հարկ վճարողների մեջ ավելի մեծ տեսակարար կշիռ է կազմում, և, բնականաբար, նույն համամասնությամբ ստուգումների ծրագրում ավելի մեծ քանակի հարկ վճարողներ են ներառված հենց այդ ոլորտից:
ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ կառավարության մայիսի որոշումներից մեկով նախատեսվում է ստուգումների հաջորդ ծրագիրը արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքների կիրառմամբ հաստատել:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան