Մեզ մոտ նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, իրենց բնականոն կյանքով ապրում են: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա նշեց, որ կրակոցների ինտենսիվությունը նվազել է: «Բնակավայրերի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել: Հուրախություն մեզ բոլորիս՝ ՊՆ-ը կարողացել է շատ պատշաճ հակահարված տալ»,- նշեց նա:
Խոսելով Սոթքի հանքավայրի մասին՝ մարզպետն ասաց, որ դրա բաց հատվածում անվտանգային խնդիրներից ելնելով՝ դադարեցվել են աշխատանքները, բայց փակ հանքում շարունակում են աշխատել:
«Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց նա:
Կարեն Սարգսյանը դժվարացավ նշել հարկադիր պարապուրդի գնացած անձանց թիվը, բայց նշեց, որ նրանց աշխատանքի տեղավորման ուղղությամբ քայլեր կկատարվեն:
«Ունենք երկու-երեք տարբերակ, որոնց շուրջ մարդկանց աշխատանքի տեղավորման հարցն ենք քննարկելու: Հանդիպում կյլինի նրանց հետ. կքննարկենք այդ տարբերակները, նրանք եթե կցանկանան այդ ուղղությամբ մեզ հետ աշխատել, կգնանք այդ ուղղությամբ: Խոսքը մշտական աշխատանքի մասին է»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզից արտագաղթ է եղել՝ Կարեն Սարգսյանն ասաց.
«Որպես այդպիսին մենք նման մոնիթորինգ չենք իրականացրել, բայց շատ քիչ հավանական է, որ այդ խնդիրների պատճառով դուրս են գնացել: Մենք ունենք ընտանիքներ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, որ դուրս են եկել իրենց բնակավայրերից, մի քանի ընտանիքներ, որոնք չեն վերադարձել, բայց հիմնական հատվածը վերադարձել է և ապրում է իրենց բնակավայրերում»:
Նա տեղեկացրեց նաև, որ 2022 թվականի ագրեսիայի հետևանքով այն բնակավայրերը կամ այն բնակիչները, որոնք վնաս են կրել, այդ վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են:
«Ունենք 4 փլուզված տներ, այսինքն՝ ոչ ամբողջովին փլուզված, բայց վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացն է հիմա իրականացվում: Առաջիկայում կունենանք հստակ պատկերը, և կհասկանանք՝ ինչքան գումարներ են մեզ պետք, որ տները վերականգնենք»,- ասաց նա:
2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հատվածներում անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել. գրեթե ամբողջությամբ վերականգնվել են իրենց կրած վնասները: