Մայրաքաղաքում հեծանվով երթևեկելը կդառնա հարմարավետ: Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին այլընտրանքային երթևեկությունը նախընտրողների համար անվճար է: Երկրորդ փուլում Երևանի քաղաքապետարանը կավելացնի կայանատեղիները, կլինեն երթևեկության հատուկ գոտիներ: Նաև հնարավորություն կստեղծվի հեծանիվը տեղափոխել հասարակական տրանսպորտով:
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում հատկացված հատուկ տարածքում միաժամանակ մինչև 200 հեծանիվ է տեղավորվում: Այսուհետև ցանկացած հեծանվորդ կարող է փոխադրամիջոցն այստեղ թողնել, դասի կամ աշխատանքի գնալ, վստահ լինելով՝ հեծանիվն ապահով տեղում է:
Արման Անտոնյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Օրինակ, աշխատանքի գնալու համար օգտագործել այլընտրանքային փոխադրամիջոց հեծանիվը, դու կարող ես մեքենայով գալ, կայանել ավտոկայանատեղիում, վերցնել քո անձնական հեծանիվը, տեղաշարժվել:
Ավագանու անդամի խոսքով, որը նաև Հեծանվորդների ֆեդերացիայի նախագահն է, նոր կայանատեղին կխթանի Երևանում հեծանվային մշակույթի զարգացումը, Կենտրոն վարչական շրջանն էլ որոշ չափով խցանումներից կբեռնաթափվի: Ըստ Անտոնյանի՝ մայրաքաղաքում իրականում հեծանվորդները շատ են, սակայն նրանց հետ կապված անվտանգ երթևեկության և մի շարք այլ խնդիրներ կան:
Արմեն Գալջյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Այս ստորգետնյա կայանատեղին կնպաստի, որ մեր քաղաքացիները, որոնք հեծանիվ են օգտագործում որպես տրանսպորտային միջոց, ավելի մոտիվացվեն և ավելի շատ օգտագործեն. նրանք շատ հաճախ չեն օգտվում այդ միջոցից, որովհետև չկան համապատասխան ենթակառուցվածքներ։ Եվ շատ հաճախ, երբ կայանում են դրսում, անվտանգության խնդիր է առաջանում, և այդ ռիսկից խուսափելու համար երբեմն չեն օգտվում հեծանիվներից կամ այլ փոխադրամիջոցներից։
Կայանատեղիից բացի, քաղաքապետարանը այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացումը խթանող այլ ծրագրեր ևս ունի: Մասնավորապես, նախատեսվում է որոշ փողոցներում առանձին գծանշաններ սահմանել հեծանիվների և ինքնագլորների համար։ Նաև նպատակ կա հանրային տրանսպորտը որոշակիորեն հարմարեցնել հեծանիվներ տեղափոխելու համար:
Արման Անտոնյան - Երևան քաղաքն ունի տարբեր բարձրադիր գոտիներ, օրինակ` Նոր Նորքից հեծանվորդը կարող է շատ հեշտությամբ իջնել Կենտրոն, սակայն բարձրանալ կդժվարանա: Երկրորդ քայլ ենք դիտարկում հասարակական տրանսպորտի առջևի հատվածում ունենալ հեծանիվների տեղափոխման կախիչներ, որը նույնպես ընդունված պրակտիկա է և շատ կիրառելի:
Քաղաքապետարանից վստահեցնում են՝ կայանատեղին անհրաժեշտ գույքով հագեցնելուց հետո չի ուշանա նաև երկրորդի բացումը։
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան