Թուրքական լիրայի փոխարժեքը հունիսի 5-ին նվազել է 1,15%-ով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 21,17 լիրա։ Դա մոտ է նախորդ շաբաթվա ռեկորդային նվազագույնին` 21,8 լիրա մեկ դոլարի դիմաց, գրում է Reuters-ը։
Լիրան շարունակում է նվազել՝ չնայած ֆինանսների նոր նախարարի նշանակմանը։ Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը գանձապետարանի և ֆինանսների նախարարության ղեկավար է նշանակել Մեհմեդ Շիմշեքին։ Նախկինում նա աշխատել է Merrill Lynch-ի լոնդոնյան մասնաճյուղում, որից հետո եղել է ֆինանսների նախարար, ապա զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը։ 2018 թվականին Շիմշեքը լքել է կառավարությունը այն բանից հետո, երբ Էրդողանը ֆինանսների նախարարության ղեկավար է նշանակել իր փեսային՝ Բերաթ Ալբայրաքին։
Շիմշեքի նշանակումը կարող է վկայել, որ Էրդողանը պատրաստ է փոխելու երկրի տնտեսական քաղաքականությունը։ Նոր նախարարը, հավանաբար, հանդես կգա ավանդական դրամավարկային քաղաքականությանը վերադարձի օգտին, ներառյալ՝ հիմնական տոկոսադրույքի բարձրացումը, գրում է Financial Times-ը: Ըստ Bloomberg-ի աղբյուրների էլ՝ Շիմշեքը վերընտրվելուց հետո Էրդողանի հետ հանդիպման ժամանակ որպես իր վերադարձի պայման առաջ է քաշել ինքնավար դրամավարկային քաղաքականություն վարելու հնարավորությունը։