Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու: Այդ մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե Արցախի ժողովրդի, իշխանության անունից իրավունք ստացե՞լ են բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ:
«Մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացնում և չենք էլ փորձում այդպիսի բան անել»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական չի կարող լինել, ամբողջական չի կարող լինել, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են ԼՂ ժողովրդի համար, նրանց ապագայի համար: Սա, կրկնում եմ, մենք ո՛չ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, ո՛չ էլ որևէ այլ բանի»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նաև նշեց, որ, կարծում են՝ որպեսզի կարգավորումը լինի աշխատող, կայուն, երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ խնդիրներ կան:
«Որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքի հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր. բլոկադան է դրա մասին վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի, էլեկտրաէներգիայի խափանումները մատակարարման, բազմաթիվ հարցեր, այսինքն՝ բոլորս գիտենք՝ ինչպիսի իրավիճակ է ԼՂ-ում: Այդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն, ոչ մեր կողմից, ԼՂ ժողովրդի կողմից, ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների կողմից: Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը, հարթակը»,- ասաց նա: