Ուկրաինայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում է սկսել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ երկրի զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել: Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կիևը հարձակում է ձեռնարկել հարավային Դոնեցկի ուղղությամբ ռազմաճակատի հինգ հատվածներում:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի նպատակն է եղել ճեղքել ռուսական կողմի պաշտպանությունը: Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստներ են կրել, այդ թվում՝ 250 զինծառայող, 16 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա և 21 զրահամեքենա։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հակահարձակում սկսելու վերաբերյալ որևէ հաղորդագրություն չկա: Միևնույն ժամանակ պաշտոնական Կիևը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններ ենթարկվել են օդային հարձակումների ռուսական ուժերի կողմից:
ԱՄՆ-Ը ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԿԻԵՎԸ ԶԳԱԼԻ ՏԱՐԱԾՔ ԿԱԶԱՏԱԳՐԻ. ՍԱԼԻՎԱՆ
Վաշինգտոնը ակնկալում է, որ երկար սպասված հակահարձակման արդյունքում Կիևը ռազմավարական առումով նշանակալի տարածք կազատագրի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ հակահարձակման զարգացումը կախված կլինի իրադարձությունների ընթացքից, ու վստահություն հայտնել, որ ուկրաինացիները հաջողության կհասնեն։ Լրագրողի՝ բանակցություններ սկսելու հավանականության մասին հարցը Ջեյք Սալիվանը չի մեկնաբանել, բայց ընդգծել է, որ մարտադաշտում զարգացումները լուրջ ազդեցություն կունենան ապագա բանակցությունների վրա։
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆ-ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու Շվեդիայի անդամակցության հետաձգման հարցը։ Հանդիպումից հետո Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Շվեդիան կատարել է իր բոլոր պարտավորությունները՝ ներառյալ սահմանադրական փոփոխությունները, սպառազինությունների էմբարգոյի չեղարկումը, հակաահաբեկչական համագործակցության ակտիվացումը և ահաբեկչության դեմ նոր օրենսդրության ընդունումը: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շեշտել է, որ մինչև հուլիսի կեսերին սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ժամանակ կա՝ կառույցին Շվեդիայի միանալու հարցը լուծելու համար:
Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտոնյաները բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հունիսի 3-ին մեկնել էր Անկարա՝ մասնակցելու Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
Վարշավայում 1989 թվականից ի վեր ամենամեծ բողոքի ցույցն է տեղի ունեցել: Ակցիային մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ: Ցուցարարները բողոքում են իշխող աջակողմյան «Իրավունք և արդարություն» կուսակցության վարած քաղաքական կուրսի դեմ: Կազմակերպիչների խոսքով՝ մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ թանկացումների, կեղծիքների ու ստի, ինչպես նաև հանուն ժողովրդավարության, ազատ ընտրությունների և Եվրամիության։
Ակցիան նախաձեռնել է հանրապետության նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։ Նրանց աջակցություն են հայտնել նաև երկրի այլ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ։ Ակցիային մասնակցել է նաև Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալեսան։ Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա աշնանը։