Կարմիր բլուր հնավայրում նոր դամբարան է գտնվել: Նախորդ տարի նույն հատվածի մեկ այլ դամբարանում արժեքավոր իրեր էին հայտնաբերվել. այս անգամ ուսումնասիրման առավել շատ իրեր են գտել՝ խեցեղենից մինչև փայտյա բեկորներ: Փրկարարական պեղումները շարունակական են լինելու, նպատակը քարավանատուն հիշեցնող մոնումենտալ կառույցն ամբողջացնելն է:
Հասմիկ Սիմոնյան (հնամարդաբան) - Գլուխը գտնվում է մեծ անոթի հարևանությամբ, ոտքերը գտնվում են դամբարանի հարավային մասում, այսինքն՝ հյուսիսից հարավ արված թաղում է, ըստ ոսկորների նրբակազմության՝ այս պահի համար կարող ենք ասել, որ անհատն իգական սեռի է:
Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը ներկայացնում է Կարմիր բլուր հնավայրում «Էրեբունի» արգելոց-թանգարանի արշավախմբի իրականացրած փրկարարական պեղումներից որոշ մանրամասներ: Դամբարանի վերին շերտը պատված է եղել տուֆով և բազալտով, զրահը, որը պաշտպանել է դամբարանը, մասնագետները հեռացրել են, որից հետո ծածկասալի վրա հետաքրքիր ծեսի են հանդիպել:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Երկու թաս, մեկ սափոր և մեկ բաժակ և կենդանական ոսկորներ՝ հավանաբար մենք ունենք էն նույն ծեսը, որ այսօր էլ մեր թաղման ժամանակ գերեզմաններում, երբ որ հոգեհացի՝ թաղման արարողությունից հետո հաց են մատուցում, նման ինչ-որ ծեսի հետ գործ ունենք:
Փրկարարական պեղումները հնավայրի այս հատվածում սկսել են նախորդ տարի, երբ Երևանի քաղաքապետարանն «Ակտիվ քաղաքացի» ծրագրով բարեկարգման աշխատանքներ էր իրականացնում Կարմիր բլուրում: Մասնագետներին հաջողվել էր բացել առաջին դամբարանն ու արժեքավոր իրեր հայտնաբերել, ինչպես նաև ոչ այնքան լավ պահպանված մարդկանց ոսկորներ: Հնագետների խոսքով՝ այս անգամ դամբարանն ավելի մեծ է, ուսումնասիրության նյութը՝ ավելի շատ:
Հետաքրքիր է, որ ունենք տարատեսակ խեցեղեն, ինչպես մեծ, լայնաբերան սափոր, ունենք բաժակ, ունենք երկկանթ փոքրիկ սափոր, դեռևս 5 միավոր ամբողջական խեցեղեն է հայտնաբերվել, ուլունքահատիկներ սարդիոնից, և հետաքրքիր է, որ փայտից բեկորներ են բացվում, որոնք կարող են պատգարակի կամ ինչ-որ մի իրի մաս լինել:
Նախնական տվյալներով՝ թաղումը թվագրվում է Ք.ա 13-11-րդ դարերով, Բադալյանի խոսքով՝ առաջիկա ուսումնասիրությունները, արդեն լաբորատոր պայմաններում, նոր մանրամասներ կբացահայտեն: Պեղումներին աջակցում են նաև Էրմիտաժի գործընկերները:
Պեղումները հաջորդ տարի կշարունակվեն գլխավորապես կրկին քարավանատան հատվածում, գուցե մենք էլի պեղենք մեկ դամբարան, բայց մեր գլխավոր նպատակն է ամբողջացնել այդ մոնումենտալ՝ քարավանատուն հիշեցնող կառույցը:
Քարավանատան պեղումներն իրականացնում է հայ-ավստրիական արշավախումբը, կառույցն ամբողջացնելուց հետո մտադիր են ամրակայել և ծածկի տակ առնել այն՝ հետագայում այնտեղ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան