ԻՐԱՆԻ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՉԻՆ
Ադրբեջանն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իրան այցերից: Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է՝ Բաքվի այդ որոշումը կապելով Իսրայելի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է վախենա Իսրայելից, ոչ թե Իրանից։ «Մենք հավատարիմ ենք առանց վիզային ռեժիմի քաղաքականությանը և ադրբեջանցի եղբայրների և քույրերի համար գրկաբաց լինելուն»,- ընդգծել է խոսնակը:
Իրանն Ադրբեջանի համար վիզային ռեժիմը չեղարկել է 2011 թ.՝ նույնն ակնկալելով նաև Ադրբեջանից: Բաքուն սակայն պատասխան քայլ չի կատարել, ինչը Իրանում ժամանակ առ ժամանակ դժգոհությունների պատճառ է դառնում:
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՍՏԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կառավարության նոր կազմը հայտարարելուց հետո Անկարայում տեղի է ունեցել պաշտոնների ստանձնման արարողությունը։ 9 տարի Թուրքիայի արտգործնախարարի աթոռը զբաղեցրած Մևլութ Չավուշօղլուն ողջունել է նոր նախարարին՝ Հաքան Ֆիդանին, որը մինչ այժմ զբաղեցնում էր Թուրքիայի ազգային հետախուզությունը: Չավուշօղլուն հայտարարել է՝ «հպարտ եմ, որ աշխատել եմ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ. հիմա մենք նոր խնդիր ունենք՝ կառուցել Թուրքիայի դարաշրջանը»: Նոր արտգործնախարարը հավաստիացրել է, որ անելու է ամեն ինչ պետության ու ազգի միասնությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու համար:
ԲՈՍՖՈՐԻ ԵՎ ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՑՆԵՐՈՎ ԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Թուրքիան հուլիսի 1-ից ավելի քան 8 տոկոսով ավելացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը: Այս որոշման արդյունքում նեղուցներից երկրի եկամուտները ընթացիկ տարում կարող են հասնել 900 մլն դոլարի. նախորդ տարիներին այդ գումարը կազմել է 160-170 մլն դոլար: Թուրքիայի իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերին հինգ անգամ ավելացրել են Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման վճարների արժեքը:
ԴԺՎԱՐ Է ՀԵՏԵՎԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԶԵՆՔԸ ԿԻԵՎՈՒՄ. ՕՍԹԻՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրված զինամթերքը պետք է օգտագործվի միայն երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանության համար: Պենտագոնի ղեկավարը խոստովանել է, որ դժվար է հետևել, թե ինչպես են օգտագործվում զենքերը և ռազմական համակարգերը, սակայն Օսթինը շեշտել է, որ վստահում են Կիևին այս հարցում:
Անդրադառնալով այսօր Ռուսաստանի ՊՆ հայտարարությանը, թե Ուկրաինայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում է սկսել, սակայն Ռուսաստանի երկրի զինված ուժերի գործողությունների շնորհիվ հարձակումը հնարավոր է եղել կանխել, Պենտագոնի ղեկավարը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց, նշելով, որ Կիևը թեմային կանդրադառնա այն ժամանակ, երբ դրա կարիքը կլինի և կհայտնի, թե ինչ փուլում է ռազմական իրադրությունը:
ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԻ
Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին հայտարարել է, որ հանրապետության նախագահի ընտրության համար հունիսի 14-ին նիստ կգումարվի: Ավելի վաղ Լիբանանի ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել էին նախագահի նոր թեկնածու Ջիհադ Ազուրի մասին: Նա փոխարինելու է մեկ այլ թեկնածու Միշել Մուավադին: Նախագահի մյուս թեկնածուն Սուլեյման Ֆրանժիեն է, որին առաջադրել են «Հեզբոլլահ» կուսակցությունը և «Մարադա» շարժումը:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Աունի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո երկիրը մինչ օրս չի կարողացել նախագահ ընտրել անհրաժեշտ քվեների ապահովման անկարողության պատճառով: