Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային աբողջականությունը 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով, բայց եղել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությամբ, և դրա հերքում ադրբեջանական կողմից չի եղել: Այդ մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը չի առարկում և պնդում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ էր, սխեմա էր, և սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաև հրապարակային հաստատման կարիք կա»,- ասաց նախարարը, ապա նկատեց, որ հակառակ դեպքում հայկական կողմը շարունակում է մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ:
Ըստ նախարարի՝ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին է վկայում 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան, ներխուժումը ՀՀ տարածք, և մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, այդ թվում՝ Տեղ գյուղի հատվածում միջադեպը: Եվ նմանատիպ միջադեպեր վերացնելու համար է, որ Հայաստանը շահագրգիռ է, որպեսզի օր առաջ սահմանազատման աշխատանք իրականացվի:
«Այո՛, իրատեսական չէ գուցե սահմանազատման աշխատանքն ամբողջությամբ արագ անել, բայց գոնե պարամետրերը սահմանազատման աշխատանքի, հիմքերը, որքան հնարավոր է առավելագույնս հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով՝ ահա այսպիսի պարամետրերի սահմանմանը հասնելը մեզ համար առաջնահերթ է»,- ասաց նախարարը:
Վրաստանի հետ ևս Հայաստանն ունի սահմանի ճշտման անհրաժեշտությունը, սակայն քանի որ Հայաստանը Վրաստանի հետ ունի ջերմ, եղբայրական հարաբերություններ, և չկա կոնֆլիկտի ծանրությունը, չկա վտանգ միջադեպերի, միմյանց տարածք ներխուժման, ուստի Արարատ Միրզոյանը կարծում է՝ վրացական կողմի հետ հնարավոր է ավելի կառուցողական մթնոլորտում աշխատել: Իսկ Ադրբեջանի հետ իրավիճակը լարված է, քանի որ վերջին 3 տարում ադրբեջանական ԶՈՒ-ն մի քանի անգամ ներխուժել է ՀՀ տարածք:
«Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,- ասաց նա: