Շատ շուտով կհայտարարվի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 4-րդ տրանշի մրցույթը, խոսքը Սիսիան-Քաջարան հատվածին է վերաբերում։ Այդ մասին Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նախարարի՝ կա երեք ֆինանսավորող՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկը և Ասիական զարգացման բանկը:
«Ծրագրի արժեքը մոտավորապես 1 մլրդ դոլար է, բայց դա նախագծային արժեքն է, և մրցույթի փուլում կունենանք հստակ գինը»,- ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանը նաև հույս հայտնեց, որ այս տարի կամփոփվի մրցույթը, կհայտարարվի հաղթողի անունը, և մյուս տարվա գարնանից կսկսվեն շինարարական աշխատանքները:
«Չնախատեսված որոշ հարցեր են առաջացել, որոնք կապված են երկրաբանական հավելյալ աշխատանք անելու անհրաժեշտության հետ, որը պետք է փորձենք գնումների պրոցեսին զուգահեռ իրականացնենք, որպեսզի ժամանակ չկորցնենք»,- ասաց նա: