Հայաստանում բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով: Բժշկական կազմակերպությունները հնգամյակը մեկ լիցենզավորում կանցնեն, որի ընթացքում պարզ կդառնա՝ արդյոք համապատասխանո՞ւմ են գործող պահանջներին՝ արդիական սարքավորումներից մինչև վերապատրաստված ու հավաստագրված աշխատակիցներ։ Նախկինում բժշկական կենտրոնները և դեղատները լիցենզավորվում էին անժամկետ, ինչի պատճառով շատ դեպքերում այս հաստատությունները ուղղակի դադարում էին արդիականանալ: Գործունեությունը շարունակելու համար առաջիկա մի քանի տարում լիցենզիա պետք է ստանան Հայաստանի հիվանդանոցային և արտահիվանդանոցային մոտ 2270 կազմակերպություն և 1340 դեղատուն. դրանց մեծ մասը տարիներ առաջ է լիցենզավորվել:
Վահե Ալեքսանյան (ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ) - Շատ-շատ լիցենզիաներ կան տրամադրված, որ շատ հին են: 2002 թվականից լիցենզավորման գործընթացն արված է, և տեղեկատվություն չունենք այդ բոլորի մասին, թե ինչ իրավիճակ է տիրում ԲԿ-ներում, դեղատներում, արտահիվանդանոցային կազմակերպություններում: Սա մեզ հնարավորություն կտա ռեալ պատկերը տեսնել՝ երկրում ինչ ունենք, ինչ իրավիճակ է:
Լիցենզավորման պահանջներին չհամապատասխանելու դեպքում կազմակերպության գործունեությունը դադարեցվելու է, սակայն հնարավորություն է տրվելու շտկել թերությունները, ինչից հետո արդեն պարտադիր լիցենզավորում են անցնելու: Բժշկական կենտրոններում ևս վստահ են, որ պետք է ապահովեն ոչ միայն պացիենտի բուժսպասարկումը, այլև՝ անվտանգությունը. լիցենզավորման նոր կարգը կնպաստի այս գործընթացին:
Նունե Հովհաննիսյան («Նաիրի» բժշկական կենտրոնի «Էմերջենսի» բաժնի վարիչ) - Կարծում եմ՝ այս նախագիծը կօգնի բժիշկներին և բուժկենտրոններին ապահովելու այն որակականները, որոնք կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին:
«Առողջության իրավունք» կազմակերպության համանախագահը, սակայն, այս փոփոխությունը դրական չի համարում: Ըստ Անուշ Պողոսյանի՝ անժամկետ լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկները նորից ստիպված են լինելու մեծ ներդրում անել, ինչի պատճառով փոքր տնտեսվարողները կհրաժարվեն լիցենզավորվումից և ուղղակի կփակվեն։
Անուշ Պողոսյան («Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ) - Սա բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը լինելու է անհրապույր, և շատ առողջապահական բիզնես ունեցող կազմակերպություններ նախընտրելու են չզբաղվել դրանով, արդյունքում ունենալու ենք մրցակցության խնդիրներ, և գնալու է մոնոպոլիստական տարբեր բժշկական կենտրոնների ստեղծում, ինչը ճիշտ չէ։
Առողջապահության նախարարությունից հակադարձում են՝ եթե բժշկական կազմակերպությունը համապատասխանում է չափանիշներին, անհանգստանալու պատճառ չպետք է ունենա, իսկ եթե կան խնդիրներ, գործունեությունը պետք է դադարեցվի: Փոփոխությունը միտված է բարձրացնելու բժշկական ծառայության որակը և համապատասխանեցնելու զարգացող բժշկագիտության համընդհանուր չափանիշներին։
Վահե Ալեքսանյան - Այս ամենն արվում է նրա համար, որ քաղաքացիները ստանան արդի, լավ բժշկություն, բուժվեն և վստահ լինեն՝ ցանկացած բուժհիմնարկ մտնելուց հետո և՛ սարքավորումները, և՛ կադրերը համապատասխանում են այս պահի դրությամբ պահանջներին՝ երկրի կողմից սահմանված:
Առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով մատուցվող ծառայության տեսակը և այդ կազմակերպությունների գտնվելու վայրը, լիցենզավորման համար տարբեր ժամկետներ է սահմանել:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան