Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Համաշխարհային բանկը զեկույց է հրապարակել, որում առանձնացվել են ոլորտի բացերն ու լուծման ուղիները: Զեկույցը կազմելիս հաշվի են առել դատական համակարգի 2021-ի կատարողականը՝ կառավարում, ծանրաբեռնվածություն, գնահատել են դատարանների կարողությունները, ֆինանսավորման մեխանիզմներն ու կադրային ապահովվածությունը:
Էվա Մելիս (ՀԲ կառավարման գլխավոր մասնագետ) - Մենք տեսնում ենք, որ 2017 թվականից հետո մոտ 40 տոկոսով ավելացել է դատարաններից օգտվելու բնակչության պահանջարկը: Մենք տեսնում ենք, որ դատական ոլորտի բարեփոխումների ռազմավարությունում ամրագրված են մի շարք կետեր, օրինակ՝ դատարանների գործունեության օպտիմալացումը, դատարանների մասնագիտացումը և նորարարական լուծումների ներդրումը, այս մասով, իհարկե, մենք առաջընթաց տեսնում ենք:
2022-ը ոլորտի համար արդյունավետ է եղել՝ իր խոսքում ընդգծեց արդարադատության նախարարը: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ ամենակարևոր ձեռքբերումը հենց ռազմավարության կազմումն էր: Նախորդ տարի շեշտը հակակոռուպցիոն դատարանի կազմավորման վրա էր դրված, շարունակեց նախարարը:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Օրենսդրական այն մեխերը, որոնք որ խփվեցին 2022-ին, ոչ միայն վերաբերում էին նոր կարգավորումներին, այլև եղած կարգավորումների բարեփոխումներն էին, որոնք միտված էին դատարանների բեռնաթափմանը, միտված էին հետաձգումների և խիստ ծանրաբեռնված դատարաններին ուղղված մի գործընթաց, որի արդյունքները սկսում ենք վայելել նոր:
Գրիգոր Մինասյանը ձեռքբերումների շարքում առանձնացրեց նաև Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների, հետո նաև առաջին ատյանի 180 դատավորների աշխատավարձերի բարձրացումը: Մինասյանը մատնանշեց նաև ՀԲ-ի հետ իրականացվող թվայնացման գործընթացում գրանցած առաջընթացը՝ դա ծանուցումների թվայնացումն է, որը առաջիկայում օրենքի ուժ կստանա, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թվայնացումն է, որը ևս առաջիկայում կգործի:
Գրիգոր Մինասյան - Այսօր արդեն պիլոտային փորձարկման փուլում է գտնվում քրեական արդարադատության կարևորագույն բաղադրիչը՝ e-criminal քեյսը, որը հնարավորություն կտա քննիչ-դատախազ կապը դարձնել թվային: Սա չի նշանակում թղթից անցնել թվային կրիչների, սա նշանակում ա կոռուպցիայի նվազում, սա նշանակում ա մարդկային միջամտության նվազում, սա նշանակում է ստեղծել համակարգ, որը հասանելի է լինելու բոլորի համար:
Արդարադատական համակարգը կայուն չէ և այն մշտապես բարեփոխելու կարիք ունի, որպեսզի համապատասխանի իրական կյանքին՝ ընդգծեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Նշեց՝ այս զեկույցն ուղղված է իրավիճակը վերլուծելուն, արդարադատություն իրականացնող կառույցների գործակցությունը բարելավելուն:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան) - Նաև ներառված են տեխնիկական զարգացմանը, գործերի քննության ժամանակակից կառավարմանն առնչվող հարցեր, նաև արդարադատությանը և օրենքի գերակայության պահպանմանը անխափան և արագ հասանելիություն ապահովող մեթոդներ: Մենք ամեն դեպքում պետք է նույն տեղում չմնանք և առաջիկայում էլ պետք է շարունակենք բարելավել ոլորտը: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել իշխանությունների և այս գործընթացում ներգրավվածների կողմից բարեփոխումների առաջնահերթություններին հավատարիմ մնալու հանձնառությունը, բաց ու կառուցողական երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Զեկույցի հակիրճ տարբերակի ներկայացումից հետո անցկացվեց նաև պանելային քննարկում, հնչեցին կարծիքներ, թե ինչպես պետք է հասնել Հայաստանի դատական համակարգի բարելավման շոշափելի փոփոխությունների: