Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 7.5 տոկոսով: Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումն է նոր զեկույցում: Ընդ որում՝ սա ավելի բարձր է, քան կառավարության տարեկան թիրախն է, որը 7 տոկոս է: Ռուսաստանում կանխատեսում են 1 տոկոս աճ, Բելառուսում՝ 2.2, Ղրղզստանում՝ 4.2, Ղազախստանում՝ 4.3, իսկ Տաջիկստանում՝ 7.9 տոկոս: Կառույցը մեր երկրի վերաբերյալ կանխատեսումը բարելավել է՝ նկատի ունենալով Հայաստանի տնտեսությունում այս տարի արձանագրված բարձր ցուցանիշները: Ընդգծվել է, որ Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկը և ներդրումների հոսքը դրա հետագա շահագործման համար դրական ազդեցություն կունենան Հայաստանի ՀՆԱ-ի դինամիկայի վրա: Առանձնացվել են նաև որոշակի ռիսկեր, որոնցից մեկը վերաբերում է համաշխարհային տնտեսական աճի դանդաղելուն:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար) - Ըստ այդմ նաև մտավախությունը, այսինքն՝ հիմնական ռիսկը, որ հայաստանյան ապրանքների նկատմամբ արտաքին շուկաներում տեղի կունենա պահանջարկի որոշակի կրճատում, ինչը կարտացոլվի նաև մեր արտահանման վրա: Սակայն այս մասով պետք է նշեմ, որ հիմնական արտահանման ուղղությունը, քանի որ մնում են ՌԴ-ն ու ԵԱՏՄ երկրները, իսկ էստեղ, ինչպես մենք տեսնում ենք, դրական դինամիկա է ուրվագծվում, հետևաբար, կարծում եմ՝ այդ ռիսկի իրագործելիության աստիճանը այդքան մեծ չի:
Երկրորդ ռիսկը տրանսֆերտների նվազումն է ԱՄՆ-ից և դրա հետևանքով դրամի հնարավոր արժեզրկումը, սակայն, ըստ Կարեն Սարգսյանի, այդ ռիսկը կոմպենսացվում է Ռուսաստանից գումարի ավելի մեծ հոսքով: Մասնագետների կարծիքով՝ ռիսկերը հիմնականում կառավարելի են:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Իրենց թվարկած ռիսկերը, կարծում եմ՝ կառավարության կամ ԿԲ-ի ուշադրության ներքո են, որովհետև ռիսկերը հենց վերաբերում են նրան, որ եղած ակտիվությունը, որն ունենք, և նաև արտարժույթի կուրսի հետ կապված, նաև գնաճի հետ կապված արտաքին ազդեցության հետևանք են, և էդ ազդեցությունից հետո պիտի հասկանանք՝ մենք ի՛նչ ենք կուտակել եղած լավ, դրական պայմաններում, որը կբերի հետագայում ավելի լավ պայմանների մեզ համար կամ ավելի վատը չի դարձնի մեր դիրքերը շուկայում:
Կառույցի կանխատեսմամբ՝ իր անդամ երկրներից ամենացածր գնաճն այս տարի Հայաստանում կլինի՝ 2.5 տոկոս, մնացած երկրներում սպասում են՝ 6.1-ից մինչև 7.9 տոկոս ինֆլյացիա: Կարեն Սարգսյանն ընդգծում է՝ չնայած Տաջիկստանում 0.4 տոկոսով ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում, քան Հայաստանում, սակայն շեշտում է, որ այնտեղ 6.6 տոկոս գնաճ է սպասվում:
Կարեն Սարգսյան - Ինչպես գիտենք, գնաճի մակարդակի և տնտեսական աճի միջև ուղիղ հարաբերակցական կապ գոյություն ունի: Եվ Հայաստանի դեպքում արդեն իսկ երկրորդ եռամսյակի ավարտին նախանշվում է ԿԲ-ի սահմանած գնաճի ցուցանիշի ներքևի շեմի վրա կայունացում, ինչը կպահպանվի մինչև տարեվերջ:
Կառույցը նաև փոխարժեքի կանխատեսում է արել՝ սպասելով, որ այս տարի 1 դոլարը կմնա միջինում 394 դրամի շրջանակում: Բացի այդ, ակնկալում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշակի նվազում մինչև տարեվերջ. միջինում, ըստ բանկի՝ այն կկազմի՝ 9.7 տոկոս:
Էդգար Աղաբեկյան - Սրանք ուղղակի սցենարներ են, որոնք որոշակի այլ հավասար պայմաններում են գործում, իսկ մենք ապրում ենք միջավայրում, որտեղ գործոնները անընդհատ փոխվում են, և ԿԲ-ի կողմից էլ էն զգուշավորությունը, որ վերջին ընթացքում տոկոսադրույքների փոփոխության չգնաց, հենց դրանով ա պայմանավորված, որ ԿԲ-ն գիտակցում ա, որ ռիսկերը դեռևս պահպանվում են:
Կարեն Սարգսյան - Կարծում եմ՝ տոկոսադրույքների նվազեցում արդեն իսկ այդ պահը եկել է, և այն բեկումնային կետն է, երբ որ սկսվելու են բարձրացումների այդ փուլի ավարտը, և սկսեն արդեն աստիճանաբար տոկոսադրույքների նվազում ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում:
Եվրասիական զարգացման բանկը նաև 2024, 2025 թվականների համար է կանխատեսում արել՝ Հայաստանում սպասելով ՀՆԱ-ի, համապատասխանաբար, 5.1 և 5.4 տոկոս աճ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան