Իմ կամքին հակառակ ինձ պահել են մեքենայի ներսում ու փորձել են տեղափոխել։ Դատարանում արձագանքելով լրագրողի հարցին, թե զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի հետ կապված միջադեպի ժամանակ զգացե՞լ է, որ իր կյանքին, առողջությանը վտանգ է սպառնում, ասաց Աշոտ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է միջադեպի մանրամասներին, ապա նա նշեց, որ ցուցմունքների հրապարակումից հետո ամեն ինչ պարզ կլինի։
«Ըստ էության՝ ես դուրս թռա մեքենայից, քանի որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ»,- ասաց Աշոտ Փաշինյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:
Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: