Հայաստանը Եվրոպական միությունից 2022 թվականին ստացել է 8 մլրդ 875 մլն դրամ դրամաշնորհ: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Պատգամավորները հետաքրքրվեցին Եվրամիությունից 2.8 մլրդ եվրո աջակցության ճակատագրի մասին, ֆինանսների նախարարը հայտնեց՝ համաձայնություն կա այն տրամադրելու, եթե լինեն համապատասխան ծրագրեր:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Նպատակ է դրվել ձևավորել այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է ֆինանսավորվեն: 2.8 մլրդ դրամի ծրագիր մեկ օրում կամ մի քանի ամսում կամ, թեկուզ, մեկ տարում հնարավոր չէ նախագծել: Շարունակական աշխատանք է տարվում, որոշ մասով, որտեղ պատրաստի ծրագիր ունենք, դա ֆինանսավորվում է:
Հետաքրքրող հաջորդ թեման Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն էր: Վահե Հովհաննիսյանը նշեց՝ շուտով կհայտարարվի 4-րդ տրանշի՝ Սիսիան-Քաջարան հատվածի մրցույթը, հույս հայտնեց, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2024-ի գարնանը:
Վահե Հովհաննիսյան - Երեք ֆինանսավորող կողմ ունենք, մեկը ՎԶԵԲ-ն է, մյուսը՝ Եվրոպական ներդրումային բանկը և Ասիական զարգացման բանկը: Ծրագրի արժեքը մոտավորապես 1 մլրդ դոլար է, բայց դա նախագծային արժեքն է, և մենք հիմա մրցույթի փուլում արդեն կունենանք հստակ գինը՝ մրցույթի արդյունքներով:
ՀՀ-ԵՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է. ՄԻՐԶՈՅԱՆ
Ֆինանսական ցուցանիշների հրապարակումից հետո խոսափողին մոտեցավ արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ նախորդ տարի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների դինամիկան զգալիորեն աճել է: Հանգամանքը պայմանավորեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու Եվրոպական միության ջանքերով: 2022 թվականին ևս երկկողմ հարաբերություններում քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, մեր երկրի արևելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազեցման և հետագա սրացումները կանխելու հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը կարևոր համարեց նաև Եվրոպական միության քաղաքացիական առաքելության տեղակայումը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Այժմ ԵՄ-ն կարող է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, ո՛չ հենվել հայկական, ո՛չ ադրբեջանական աղբյուրների վրա:
Միրզոյանը նշեց, որ ակտիվ քննարկումներ են եղել նաև վիզաների ազատականացման վերաբերյալ, հայտնեց Միրզոյանը:
Արարատ Միրզոյան - Եվրոպական միության կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք, և կոնսենսուսի դեռևս Եվրոպական միության կողմից այս թեմայի շուրջ հասնել հնարավոր չի եղել: Այս պահի դրությամբ՝ կոնսենսուս -1:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՏՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆինանսավարկային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նիստում էլ քննարկվեցին Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները: Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ 2022 թվականին մեր երկիրն ակտիվ աշխատանքներ է իրականացրել կառույցի ներսում: Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյոք խորհրդակցություններ անցկացնո՞ւմ է նախկին նախարարների հետ: Միրզոյանն էլ շեշտեց՝ ՀՀ շահերը հետապնդող բոլոր անձանց հետ, անկախ պաշտոնից, կարող է խոսակցություն ծավալել:
Արարատ Միրզոյան - Նախկին արտաքին գործերի նախարարներից բավականին սերտ կապի մեջ եմ, օրինակ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ, նրանից առաջ եղած նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ է գրում, իրենց մոտեցումներին այսպես թե այնպես մամուլից ծանոթանում եմ: Ցավոք սրտի, հեռու եմ համարում հնչեցվող դիրքորոշումները իրականության ադեկվատ ընկալում լինելուն և ադեկվատ լուծումներ առաջարկելուց, հետևաբար, շատ խոսակցության տեղ չկա: Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը մի քանի ընկերների հետ ուղղակի լքեց մեր երկրի համար ամենադժվար և մարտահրավերներով լի պահին: Չեմ հասկանում՝ այդտեղ ինչ կա քննարկելու:
ԵԱՏՄ-Հայաստան նախորդ տարվա ցուցանիշները ներկայացրեց նաև ֆինանսների նախարարը, նշեց՝ Հայաստանի պետբյուջե մաքսատուրքի մուտքագրման նվազում է արձանագրվել: Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 մլն դրամ, որը 28 միլիարդ դրամով պակաս է 2021-ի ցուցանիշից:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան