Նելլի Մինասյան (թուրքագետ) - Սա ավելի դիվանագիտական ժեստ է:
Թուրքագետ Նելլի Մինասյանի գնահատականն է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության հրավերին և այդ հրավերը ընդունելուն: Ընդգծում է այն փաստը, որ Թուրքիան այդ հրավերը ուղարկել է մի իրավիճակում, երբ դեռ երկու երկրի միջև չկա դիվանագիտական հարաբերություն:
Նելլի Մինասյան - Հրավերի ուղարկումը տեղավորվում է այն գործընթացի մեջ, որը որ հայ-թուրքական հարաբերություններում կա վերջին շրջանում և պետք է շարունակվի, դա կապվում է նաև Թուրքիայի քաղաքականության հետ, որ ցույց է տալիս, որ գնում է դեպի Արևելք:
Թուրքագետը շեշտում է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այս քայլերով պայմանավորված չէ, բայց դրանք հարաբերությունները հաստատելու տարբեր գործընթացներում կարող են ազդեցություն ունենալ: Հրավերը ստանալն ու չմասնակցելը Թուրքիային տարբեր հարթակներում մանևրելու հնարավորություն կտային:
Նելլի Մինասյան - Թուրքական կողմը դա ավելի շատ կօգտագործեր միջազգային դիվանագիտական հարթակներում, որ իբր մենք ամեն ինչ անում ենք, բայց, տեսեք՝ չեն գալիս մինչդեռ, բայց իրականում նենց ա, որ Հայաստանն ա ամեն ինչ անում:
Ռուբեն Սաֆրաստյանը ևս կարծում է՝ Փաշինյանի Թուրքիա գնալու հիմքում պարզապես դիվանագիտությունն է:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Դա կարող է դիտարկվել երրորդ երկրների կողմից, որ Հայաստանը, չնայած բոլոր բացասական երևույթներին, միևնույն է՝ մասնակցում է:
Գնալ-չգնալու հարցից հետո քննարկումների մեկ այլ թեմա էր Էրդողանի կողմից սրահում ներկա նախագահների անունները կարդալիս Հայաստանի վարչապետի անունը չտալը: Արարողակարգն է այդպիսին՝ նշում է թուրքագետը ու ձայնագրություններին է հղում անում՝ Հայաստանի վարչապետին Էրդողանը շնորհակալություն հայտնել է վարչապետներին հիշատակելու ժամանակ:
Նույն արարողակարգային ընթացակարգով էլ պայմանավորված էր վարչապետ Փաշինյանի ոչ թե առաջին, այլ երկրորդ շարքում նստած լինելը՝ առաջին շարքում միայն նախագահներն էին, երկրորդ շարքում՝ վարչապետներն ու այլ պաշտոնյաներ: Թուրքագետը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի օրինակն է բերում:
Նելլի Մինասյան - Օրբանը Էրդողանի մտերիմն է և թյուրքական բոլոր նախաձեռնությունների ակտիվ մասնակիցն է, էդ դեպքում Օրբանի անունն էլ պիտի նշեր նախագահներինը թվարկելիս կամ ինչի էր նստած երկրորդ շարքում:
Թուրքագետի գնահատմամբ՝ արարողակարգային հարցերի էմոցիոնալ քննարկումները բովանդակային հենք չունեն: Դաշնակցական պատգամավորների հարցերին ի պատասխան՝ թեմային Ազգային ժողովում անդրադարձավ նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Գեղամ Մանուկյանին դուր չէր եկել, որ վարչապետը բարևել է արարողությանը ներկա, նրա ձևակերպմամբ՝ ծայրահեղական հայացքների տեր իմամին:
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 տարի Թուրքիան ղեկավարող Էրդողանը նախագահ վերընտրվեց ևս հինգ տարով` փոխելով Թուրքիայի կառավարության գրեթե ամբողջ կազմը: Այդ փոփոխությունների մասին ԶԼՄ-ները դեռ անցած տարվանից էին խոսում, անուններ քննարկում: Առանցքային որոշումներից էր 2010 թվականից Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարող Հաքան Ֆիդանին արտգործնախարարի պաշտոնում նշանակելը:
Ռուբեն Սաֆրաստյան - Անցյալ տարի կային քննարկումներ, որ կարող է արտգործնախարարը հրաժարական տալ, Ֆիդանի նշանակման մասին ևս խոսում էին, քանի որ նա շատ կարևոր մարդ է Էրդողանի համար, մի անգամ ասել է՝ Ֆիդանը իմ և պետության գաղտնիքների պահպանն է, նա մեծ դեր խաղաց, որ կարողացավ Թուրքիան խուսափել ռազմական հեղաշրջման ընթացքից:
Փոփոխություններից Սաֆրաստյանն առանձնացնում է նաև նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի նշանակումը Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում:
Ռուբեն Սաֆրաստյան - Այդ երկու կարևոր պաշտոններին նշանակեց իր ամենանեղ շրջանակի մեջ մտնող մտերիմներին:
Նելլի Մինասյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, թե ո՛ր երկրների նախագահներն էին ներկա ինաուգուրացիային, ընդգծում՝ այդտեղ արդեն իսկ կա աշխարհաքաղաքական ուղղվածություն:
Նելլի Մինասյան - Միշտ ավելի մեծ թվով ղեկավարներ են եղել, հատկապես եվրոպական երկրների, եվրոպական ոչ մի երկրի լիդեր ներկայացված չէ, ՆԱՏՕ-ն էլ գլխավոր քարտուղարն էր միայն:
Փոխարենը՝ աֆրիկյան երկրներն էին, թյուրքական երկրներն էին, Հարավային Կովկասի, սա աշխարհաքաղաքական որոշակի բաժանվածության մասին է խոսում:
Արդյոք կառավարության թարմացված կազմը արտաքին քաղաքականության վեկտորը կփոխի՞: Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիայի նպատակները չեն փոխվում.
Ռուբեն Սաֆրաստյան - Թուրքիան ձգտում է դառնալ այնպիսի պետություն, որի հետ հաշվի են նստում աշխարհի գերտերությունները, դա կշարունակվի:
Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը որոշում է հենց Էրդողանը, համոզված եմ՝ փոփոխություն չի լինի:
Սաֆրաստյանի կարծիքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացում առկա պայմանավորվածությունները դանդաղ են առաջ գնում: Ադրբեջանը կրկին դարձել է նախապայման, ճնշումներ կան՝ գործընթացների դանդաղումից մինչև օդային սահմանների՝ Թուրքիայի կողմից փակում:
Ռուբեն Սաֆրաստյան - Շատ կարևոր է, որ Հայաստանն այդ ճնշումներին չի ենթարկվում:
Իսկ ահա Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալիս ընդգծեց՝ Թուրքիան նախապայման չի առաջադրել, Երևանի և Անկարայի նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան