Դատարանը, լսելով դատավարության մասնակիցների կարծիքը, որոշեց փոխել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և ընտրել խափանման միջոց կալանք մեկ ամիս 15 օր ժամկետով։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:
Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: