Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքով:
Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունը: Հակոբյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր մայիսի 20-ին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն մայիսի 17-ին հրապարակել էր Աշոտ Փաշինյանի ցուցմունքը:
Ըստ որի՝ վերաքննիչ դատարանի մոտ իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազա՞տ թողնել, թե՞ ոչ: Մեքենան, երբ ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել: