Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են և նպատակ ունեն հաստատել, որ երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն: Այդ մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություն հաստատելիս որևէ այլ երկրի դեպքում մակերեսով ճանաչե՞լ է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
ԱԳ նախարարը ենթադրում է, որ որևէ երկրի փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում, և տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները նպատակ ունեն հաստատել, որ երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն:
«Մակերեսներով տարածքային ամբողջականությունները նշելը քաղաքական հայտարարություններ են: Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, և Ադրբեջանն էլ տարածքային պահանջ չունի Հայաստանից։
Ես չեմ կարծում, թե դուք մտածում եք, որ մենք այդպիսի մակերեսի հիշատակմամբ սա պետք է ներառենք կամ տեսնում ենք ներառված ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում: Տարբերությունն ակնառու է»,- ասաց նախարարը: