Թբիլիսիում նախատեսվում է միջազգային կարգի նոր օդանավակայան կառուցել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ այն կկառուցվի նախկին «Վազիանի» օդանավակայանի տեղում, գրում է Interfax-ը։
«Խոսքը միջազգային կարգի նոր օդանավակայանի կառուցման մասին է, որը կարող է հանգույց դառնալ, այն պետք է լինի տարանցիկ և լոգիստիկ օդանավակայան»,- ասել է վարչապետը։
«Մենք աշխատել ենք երկու տարբերակի վրա՝ մեկը գոյություն ունեցող օդանավակայանի զարգացումն ու ընդլայնումն է։ Բայց այս օդանավակայանն ունի իր թերությունները, սահմանափակումները և թույլ չի տալիս իսկապես մեծ զարգացում ունենալ։ Եթե մենք ցանկանում ենք դառնալ ավիացիոն հանգույց տարածաշրջանում, այս օդանավակայանը և նրա տարածքը այդ հնարավորությունները չունեն: Իսկ եթե ուզում ենք հոգ տանել երկրի մասին 20, 30, 50, նույնիսկ 100 տարվա հեռանկարում, պատշաճ ենթակառուցվածք ու օդանավակայան թողնել մեր ապագա սերունդներին, պետք է ընտրել նոր վայր։ Այդ տեղը Թբիլիսիում նախկին «Վազիանի» օդանավակայանն է»,- ասել է վարչապետը:
Թբիլիսիի ներկա միջազգային օդանավակայանը՝ «Շոթա Ռուսթավելին», շահագործում է թուրքական TAV Airports հոլդինգը։ Այն արդիականացվել է 2007 թվականին, ընդունում է տարեկան մոտ 3,5 մլն ուղևոր։ Օդանավակայանն ունի 1,5 կմ երկարությամբ երկու թռիչքուղի։