«Գազպրոմը» հայտնել է, որ «Թուրքական հոսքով» ռուսական գազի մատակարարումները հունիսի 5-12-ը կդադարեցվեն գազատարի ամենամյա պլանային սպասարկման պատճառով։ Միաժամանակ Ռուսաստանից գազը շարունակում է Թուրքիա հոսել մեկ այլ՝ «Երկնագույն հոսք» խողովակաշարով, որը վերանորոգվել է մայիսի երկրորդ կեսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գազպրոմը» նշել է, որ պլանային տեխնիկական սպասարկումը նախապես համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում Սև ծովով անցնող երկու խողովակաշարերով։ «Երկնագույն հուսքը» շահագործման է հանձնվել 2003 թվականի սկզբին, որի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, ընդհանուր երկարությունը՝ 1213 կմ։ «Թուրքական հոսք» գազատարը բաղկացած է երկու շղթայից, որոնցից մեկը նախատեսված է թուրք սպառողներին, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար։ «Թուրքական հոսքի» ընդհանուր հզորությունը 31,5 միլիարդ խորանարդ մետր է, դրա շահագործումը սկսվել է 2020 թվականի հունվարին։