ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլլին CNN-ի հետ հարցազրույցում ասել է, որ «միշտ էսկալացիայի վտանգ կա», Ռուսաստանի սահմանային Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով: Միլլին հավելել է, որ ԱՄՆ-ը «շատ, ուշադիր» հետևում է Բելգորոդի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ հունիսի 4-ին ՌԴ ԶՈՒ և ԱԴԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները կանխել են Ուկրաինայի դեսանտային հետախուզական երկու խմբի՝ Բելգորոդի շրջան ներթափանցելու փորձը։ Ռազմական գերատեսչությունը միաժամանակ հավելել է, որ հակառակորդը պատրաստվում է կրկնել հարձակումը: Ենթադրում են նաև, որ չնայած ուկրաինական կողմից ձեռնարկված գործողության տեսանելի մասշտաբին, այն կարող է օժանդակ կամ շեղող հարված լինել, քանի որ հակառակորդը մարտի է դուրս բերել մեկ մեքենայացված բրիգադ։
ՌԴ ՊՆ-ը տեղեկացնում է, որ իրավիճակը Զապորոժիեի ուղղությամբ բարդ է, բայց վերահսկելի։ «Իրավիճակը շարունակում է ծանր մնալ նաև Բախմուտի մոտ շփման գծում, սակայն դարձյալ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ»,- նշել է գերատեսչությունը: