Թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կան պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա Աթիի հռչակագրին համահունչ: Այս մասին Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ասվածի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում:
Նախարարը նաև հավելեց, որ ինչքանով իրեն է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ:
«Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կան՝ շարունակելու աշխատանքն այդ քարտեզով ողջ միջազգային հանրության և ՀՀ-ի կողմից»,- ասաց նախարարը:
«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ հիմքով սկսել սահմանազատման աշխատանքները՝ ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց նա և վերահաստատեց, որ կոնկրետ քարտեզի վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա: