Ճանապարհային ոստիկանության 15 տեսուչ մեղադրվում է կաշառք ստանալու, 17անձ էլ՝ կաշառք տալու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալով՝ 2021-23 թվականներին ճանապարհային ոստիկանության 6 տեսուչի կաշառք ստանալու և 9 այլ անձանց կաշառք տալու և կաշառքի միջնորդության առնչությամբ 3 վարույթ ուղարկվել է դատարան: Տեսուչները աչք են փակել արագությունը գերազանցած, ոչ սթափ վիճակում մեքենան վարող վարորդների նկատմամբ:
Էդիկ Հակոբյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ) - Վարորդական իրավունքից չեն զրկել ոչ սթափ վիճակում վարելու համար: Կեղծ արձանագրություններ են կազմել այլ՝ ավելի նվազ ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական տուգանքի նշանակումով: Այստեղ է, որ ի հայտ է գալիս նոր հանցագործության կատարում՝ պաշտոնեական կեղծիքը, ինչի համար ՃՈ 2 տեսուչի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու հանցանքի հետ համակցությամբ:
Հակոբյանը ներկայացնում է կաշառքի գործով նախորդ տարեվերջին ու այս տարվա սկզբին տեղի ունեցած դեպքերը: Բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության 4 տեսուչի կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ըստ Հակոբյանի՝ տեսուչներ Արամ Սուքիասյանը, Մանուկ Հակոբյանը, Վիրապ Խաչատրյանը և Հայկ Գրիգորյանը կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենաներ, արձանագրություն չեն կազմել:
Էդիկ Հակոբյան - Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք երթևեկության սահմանված արագությունը գերազանցած վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկելու համար նրանցից որպես կաշառք պահանջել են 5-10-հազարական ՀՀ դրամ, մի շարք դեպքերում էլ՝ վարորդներից որպես կաշառք ընդունել են ծառայողական ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու առաջարկները, ինչպես նաև նրանցից պահանջել և ստացել են բենզինի լիցքավորման համար նախատեսված կտրոններ:
Տեսուչներին մեղադրանք է ներկայացվել խմբով ապօրինի անգործության համար կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար: 3 տեսուչ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Նյութերը հանձնվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Գոռ Մկրտչյան (Վիրապ Խաչատրյանի փաստաբան) - Գործը գնացել ա դատարան, մենք դեռ վարույթ ընդունելու որոշումը չենք ստացել, թող դատարանը վարույթ ընդունի, դեռ նախաքննական գաղտնիքն ուժի մեջ է:
Վարորդական իրավունքի վկայական տալու համար Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի՝ կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան: 7 անձի ներգրավմամբ գործով ՃՈ ավագ տեսուչ Էռնեստ Խաչատրյանը մեղադրվում է առանց տեսական գիտելիքի պատշաճ ստուգման վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար: Կաշառքի գումարի չափը, ըստ վարույթով ձեռք բերված տեղեկությունների, 200-300 հազար դրամի սահմանում է: Պաշտպանական կողմը ներկայացված մեղադրանքի փաստական կողմն ընդունել է, բայց համաձայն չէ իրավական որակմանը:
Արտուշ Հակոբյան (Էռնեստ Խաչատրյանի փաստաբան) - Էռնեստ Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով՝ ակնհայտ ապօրինի գործողություններով կաշառք ստանալու, ինչը պաշտպանական կողմի խորին համոզմամբ, արդեն ակնհայտ ապօրինի գործողությունները համապատասխան որակվել է կաշառքի հանցակազմով, մինչդեռ նախաքննական մարմինը Խաչատրյանին մեղսագրել է նաև պաշտոնեական կեղծիք, լիազորությունների չարաշահում, այստեղ է դրսևորվում մեր անհամաձայնությունը:
Միայն նախորդ տարի կաշառքով վարորդական վկայական ստանալու փաստով քննված ևս մեկ գործ է ուղարկվել դատարան, որով որպես մեղադրյալ ներգրավված է եղել մոտ 40 անձ: Էդիկ Հակոբյանի խոսքով՝ 2021-ի հոկտեմբերի 23-ից 2023-ի մայիսի 12-ը Հակակոռուպցիոն կոմիտեում քննված 49 քրեական վարույթից 2-ը վերաբերում են պարեկների կաշառք ստանալուն, 47-ը՝ նրանց կաշառք տալուն:
Էդիկ Հակոբյան - 2 գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 2 պարեկի վերաբերյալ՝ կաշառք ստանալու, 1-ը՝ միջնորդության, 1-ը՝ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով:
49 գործով մեղադրանք է ներկայացվել 44 անձի: