Մարդու իրավունքների պաշպանն առաջնահերթ է համարում սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը: Պաշտպանն այցելել է Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներ: Խնդիրներն, ըստ նրա, պայմանավորված են Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինուժի ապօրինի ներկայությամբ:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը: Մարդիկ խիզախ են, բայց ունեն անվտանգության հետ կապված մտահոգություններ, ունենք սեփականության իրավունքի համատարած խախտում, իրավունքի բովանդակությունը ձևախեղվում է, մարդիկ չեն կարողանում օգտվել հողատարածքից, հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվել: Խախտվում է երեխաների կրթության իրավունքը:
Սահմանամերձ համայնքներ այցից հետո արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման միջոցառումները ներկայացվել են Պաշտպանի արտահերթ զեկույցում: Մանասյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով միջազգային գործընկերներին են ներկայացվում նաև Լաչինի միջանցքի փակման, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների խախտումները: Եվ, ըստ նրա, կարևոր է ցույց տալ, որ սա առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ տարածքային, այլ մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է:
Անահիտ Մանասյան - Այս մասով ևս շուտով զեկույց ենք ունենալու, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու այս հիմնախնդրին, կարևոր հանգամանք կա, որը մշտապես բոլորս պետք է նկատի ունենանք, ոչ թե պարզապես ցույց տալով դրվագային խախտումները, այլ այն հայատյաց քաղաքականությունը, որը Ադրբեջանն իրացնում է, որը վտանգավոր է:
ՄԱՆԱՍՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Մանասյանն անդրադարձավ նաև գերիների հարազատների հետ անցած շաբաթ ունեցած հանդիպմանը: Տեղեկացրեց՝ բարձրաձայնվել են բազմաթիվ խնդիրներ, և պետք է հասկանալ, թե իրավասու մարմինները ինչ աշխատանքներ պետք է իրականացնեն այդ ուղղությամբ: Ներկայացված հարցերը Պաշտպանն ուղարկել է նաև միջազգային գործընկերներին: Մանասյանը կարևոր է համարում գերիների, անհետ կորած անձանց, զոհերի հարազատների հետ պատշաճ հանրային հաղորդակցության ապահովումը:
Անահիտ Մանասյան - Կարևոր մի բան, անհետ կորած զինվորների ծնողներին ՄԻՊ դիրքորոշումը ներկայացրինք քրեական վարույթներով տուժող ճանաչելու հետ կապված, որ օրենսդրությունը պետք է մեկնաբանվի միջազգային չափանիշներով: Ուրախ եմ, որ վարույթն իրականացնող մարմինը դա հաշվի է առել, և փուլ առ փուլ այս հարցը լուծում է ստանում: 2 գերիների մասով, անմիջապես դիմել եմ, հայրենիք վերադարձնելու, հիմնարար իրավունքը երաշխավորելու տեսանկյունից: Այն անձինք, ովքեր Ադրբեջանում են պահվում, միջազգային իրավունքի տեսանկյունից գերի են, պետք է օգտվեն երաշխիքներից, միշտ այս հարցը բարձրաձայնվում է:
ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՆ ԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2022-ի բյուջեի իր ոլորտի կատարողականը՝ Մանասյանը նշեց, որ Պաշտպանի աշխատակազմը ստացվող ահանզանգերի հետքերով ու նաև իր նախաձեռնությամբ այցեր է կատարում տարբեր հաստատություններ, որտեղ հնարավոր է` տեղի ունենան մարդու իրավունքների առերևույթ խախտումներ:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՆՋԱՏ Է ԳՈՐԾՈՒՄ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համատեղ նիստը վարում էին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը:
Արթուր Հովհաննիսյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար - Իմացա, որ հանձնաժողովի նախագահը կրկին չի մասնակցում, քննարկում ենք կարևոր փաստաթուղթ, բավական կարևոր` պաշտպանի գրասենյակը, արձանագրենք, որ հանձնաժողովի նախագահը անջատ է գործում, բյուջեի զեկույցի չմասնակցելը ավելացնում է փաստերի թիվը, որ տիկին Թովմասյանը կապ չունի հանձնաժողովի հետ:
Բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերը կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ: