Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու հերթական փորձը. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նոր նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարել: Այսուհետ խաղային հաշիվը խաղացողը կարող է համալրել կամ ելքագրում անել բացառապես իրեն պատկանող բանկային հաշիվների միջոցով: Շատ դեպքեր կան, երբ քաղաքացիները խաղում են իրենց ընտանիքի անդամի բանկային քարտով, նշում է նախագծի հեղինակը:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Լինում են դեպքեր, երբ որևէ քաղաքացի, օրինակ, հանրության, պետության, ժողովրդի, այլ քաղաքացու նկատմամբ ունի պարտավորություններ, և ինքը, բնականաբար, ցույց չի տալիս իր եկամուտները, բայց այդ իր եկամուտները նա կանխիկով փոխանցում է մեկ այլ քաղաքացու, նա էլ, ըստ էության, իր հաշվի վրա է կուտակում և այդ հաշվով էլ խաղում է:
Ըստ Պապոյանի՝ հայտնի են դեպքեր, երբ որոշ մարդիկ մասնագիտացել են սրա մեջ և բանկային քարտ չունեցող մարդկանց միջնորդավճարի դիմաց հնարավորություն են տալիս խաղալու:
Գևորգ Պապոյան - Այսինքն` իրենք ասում են, որ եթե ուզում ես խաղաս, բայց չունես քարտ, շատ լավ, տուր գումարը ինձ, մենք այդ գումարը կգցենք ինչ-որ քարտային հաշվի վրա, դրանից այնուհետև կփոխանցենք քո խաղային հաշվին, և դու հանգիստ կկարողանաս խաղալ, և դրա դիմաց միջնորդավճար են վերցնում, և արդեն, ըստ էության, մենք էստեղ հանցագործության կամ որոշակի օրենքը շրջանցելու դեպքերի հետ գործ ունենք:
Ըստ նախագծի՝ 2020-ին մասնակիցների կողմից ոչ թե բուն մուտքագրած, այլ ընդհանուր խաղարկած գումարը եղել է 2 տրլն դրամ, 2021-ին` 3.9 տրլն, իսկ նախորդ տարի` 5.8 տրլն դրամ: Էականորեն ավելացել են նաև խաղային հաշիվները՝ 2020-ին` 2.4 մլն, 21-ին՝ 5.8, իսկ նախորդ տարի` 8.7 մլն հատ, և հեղինակների կարծիքով՝ սրա մեջ մեծ թիվ են կազմում ՀՀ քաղաքացիները, այդ թվում` սոցիալապես անապահով մարդիկ:
Գևորգ Պապոյան - Շրջանառությունը տարբեր պատճառներով կարող է ավելանալ, պատճառներից մեկն էլ այն է, որ ոչ ռեզիդենտներն են խաղում, դրսից խաղացողներ կան շատ և այլն: Այնպես չի, որ միանշանակ է, բայց մեր խնդիրը խաղամոլության դեմ պայքար տանելն է, և, բնականաբար, խաղամոլությամբ տարվածները և խաղային բիզնեսում ներգրավվածները, օգտվելով օրենքի բացից, անընդհատ նոր գործիքներ են ներդնում, որով խաղամոլներին ներգրավում են կամ խաղալը գրավիչ են դարձնում: Մենք էլ, որպես ԱԺ, գնալով փակում ենք այդ հնարավոր բոլոր, այսպես ասած, սողանքները:
Այս նախագծով մի քանի հարց կլուծվի, առաջինը՝ էականորեն կսահմանափակվի անչափահասների խաղալու հնարավորությունը:
Գևորգ Պապոյան - Չեն կարողանա խաղալ մարդիկ, որոնք, օրինակ, ԴԱՀԿ-ի հաշիվներ ունեն, հանրության, պետության, այլ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունեն և դա չեն կատարում, այդ պատճառով, օրինակ, քարտային հաշիվներ կամ բանկային հաշիվներ չունեն, կամ սառեցված են էդ հաշիվները, և բնականաբար կփակենք այդ ճանապարհը, և նաև կտեսնենք, թե ովքեր են այն քաղաքացիները, ովքեր, ըստ էության, անօրինական միջնորդական գործունեություն են իրականացնում:
Եթե նախագիծը հաստատվի, ապա, ըստ հեղինակի, վերջնական կսկսի գործել աշնանը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան