Ուկրաինան պատրաստ է հակահարձակման՝ Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նշել է՝ Կիևը, իհարկե, լրացուցիչ ռեսուրսների կարիք ունի ռազմական գործողություններ անցկացնելու համար, սակայն չի կարող ևս մի քանի ամիս սպասել։ Զելենսկու խոսքով՝ զինված ուժերին Patriot զենիթահրթիռայի համալիրներ են անհրաժեշտ՝ ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ առաջնագծում պայքարող զինվորներին պաշտպանելու համար։
«Չգիտեմ՝ որքա՛ն կտևի հակահարձակումը, և ի՛նչ գին կվճարենք արդյունքում, հնարավոր են տարբեր սցենարներ, բայց մենք պատրաստ ենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն առավելություն ունի օդում, և հակառակորդի ինքնաթիռներից պաշտպանվելու միջոցների բացակայությունը նշանակում է, որ հակահարձակման ժամանակ մեծ թվով զինվորներ կարող են զոհվել:
***
Կիևը չի պատրաստվում երկխոսություն սկսել Մոսկվայի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը:
«Մենք չենք փակել բանակցությունների դուռը, ուստի չենք էլ պատրաստվում այն բացել: Մենք Պուտինի հետ չենք խոսելու»,- ասել է Ալեքսի Դանիլովը՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական հակամարտության հարցով Չինաստանի հատուկ ներկայացուցչի խոսքն այն մասին, թե կողմերը պատրաստ են բանակցելու:
Դանիլովը նշել է՝ հակամարտության կարգավորմանը ներգրավված երկրները, նման հայտարարություններ անելով, ուղղակի պաշտպանում են սեփական շահերը:
«Պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները բավականին պարզ են՝ 1991 թվականի սահմանները պետք է ճանաչվեն, Պուտինը և իր հանցակիցները պատասխանատվության ենթարկվեն, Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցվի, և մեր երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրվեն»,- հավելել է Դանիլովը։
Մինչ այդ մարտական գործողությունները շարունակվում են: Բարդ իրավիճակ է, մասնավորապես՝ Բախմուտում: Քաղաքի մեծ մասն այժմ գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, ուկրաինական կողմը հայտարարում է՝ թույլ չեն տալիս ռուսական զորքերին առաջընթաց գրանցել: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարն էլ տեղեկացրել է, որ հունիսի 2-ի դրությամբ Բախմուտից դուրս է բերել իր ուժերի 99%-ը:
***
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։
***
Հնդկաստանի արևելքում շուրջ 300 մարդ է զոհվել մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով։
Լրատվամիջոցները հայտնում են, որ տուժել է ավելի քան 900 մարդ: «Հնդկական երկաթուղիներ» պետական ընկերությունը հայտնել է, որ մարդատար ճեպընթաց գնացքի մի քանի վագոն անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից և բախվել բեռնատար գնացքին: Այժմ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում: Վթարը տեղի է ունեցել Բալասոր քաղաքից ոչ հեռու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տեղի ունեցածի ֆոնին հանդիպում է անցկացրել երկաթուղային ծառայությունների ներկայացուցիչների հետ:
***
«Մավար» թայֆունի պատճառով Ճապոնիայում տարհանվել է Սիձուոկա բնակավայրի 270 հազար և Տոկիոյի մերձակայքում գտնվող Կանագավա բնակավայրի շուրջ 18 հազար բնակիչ: Սիձուոկայի յոթ քաղաքում վտանգի չորրորդ աստիճան է հայտարարվել՝ հնարավոր հինգից: Սա նշանակում է, որ մարդիկ պետք է հնարավորինս շուտ տեղափոխվեն ապաստարաններ:
Ճապոնիայի հարավում 260 չվերթ չեղարկվել է: Տոկիոյի և Նագոյայի միջև դադարեցվել է արագընթաց էլեկտրագնացքների երթևեկությունը: Փոթորկի հետևանքով խախտվել են էլեկտրահաղորդման գծերը, մայրաքաղաքի շրջանում հոսանքազրկվել է շուրջ 4000 բնակելի շինություն: