Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեռպատրաստվածության ցանց» քննարկմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։
Այն նախաձեռնել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակում է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների միջև:
Երկրորդ օրն անդրադարձ է եղել կիբեռանվտանգության սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:
Քննարկումը բացառիկ հնարավորություն է եղել մասնակից բոլոր երկրների համար ներկայացնելու իրենց մոտեցումները, արժեքավոր արձագանքներ ստանալու ընթացիկ խնդիրների վերաբերյալ:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի վաղաժամ նախապատրաստել ընտրական հանձնաժողովներին՝ ապահովելով կիբեռանվտանգության և հիբրիդային տեղեկատվության զարգացող ռիսկերի իրազեկումը: