Արմավիրի մարզի 15 գյուղերը միջպետական ճանապարհին կապող կամուրջը այս օրերին փակ է: 80-ականների կառույցը չի նորոգվի, Կառավարության ֆինանսավորմամբ կկառուցվի նորը. 133 մլն դրամ ներդրմամբ շինարարությունը կավարտեն աշնանը: Որ կառույցը երկար ծառայի, շինարարները անհրաժեշտ են համարում բեռնատարների թույլատրելի բեռնվածության վերահսկումը:
Մ 3 միջպետական ճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածի կամուրջը վնասված ու քայքայված լինելու պատճառով անցած տարվանից մասամբ փակ է։ Մասամբ, որովհետև երթևեկն ամբողջությամբ չդադարեցնելու նպատակով վերաբացվել էր հարևանությամբ գտնվող երկրորդ կամուրջը, որը կառուցման օրից՝ անցած դարի 80-ականներից, չէր շահագործվել։ Իսկ առաջին՝ վնասված կամուրջը փաստացիորեն այլևս չկա։ Այն ապամոնտաժվել է, նորն է կառուցվում, որը նախկինից ավելի ամուր և 2 մետրով էլ լայն կլինի, պատրաստ կլինի այս աշնանը:
Գագիկ Մկրտչյան (տեխնիկական վերահսկիչ) - Բալկաները պետք է 10 մետր խփենք հողի մեջ և բետոնով ամրացնենք։
Նոր կամուրջը կառուցվում է պետական միջոցներով. բյուջեն ավելի քան 133 մլն դրամ է։ Սևջուր գետի վրա գտնվող կառույցը ավելի քան 15 գյուղի համար կենսական նշանակություն ունի, որովհետև բնակիչներն իրենց պտուղ-բանջարեղենն այս ճանապարհով են քաղաք հասցնում։ Կամրջից օգտվում են նաև քար ու ավազ տեղափոխող մեքենաները, որոնց գերբեռնվածությունն էլ հենց ճաքերի պատճառ է դարձել։ Բնակիչները հույս ունեն, որ շահագործումից հետո նմանատիպ փոխադրամիջոցների երթևեկը կսահմանափակվի։
Սամվել Սահակյան (տեղամասի պետ) - Դրված է 7 տոննա, որ մեկ սռնու վրա բեռը այդքան լինի։
Եթե բեռնատարների նկատմամբ մշտական վերահսկողություն լինի, նոր կամուրջն ավելի քան 25 տարի կդիմանա։ Իսկ դրա բացակայության պայմաններում ընդամենը մեկ տարի առաջ վերաբացված կից կամուրջն արդեն գրեթե շարքից դուրս է եկել։
Սամվել Սահակյան - Արդեն վթարային վիճակում է, մենք տեղյակ ենք պահել, դրա վրայով այնքան ծանր բեռներ են անցնում՝ չկշռված, որ ամեն րոպե կարող են հեծանները կոտրվել ու վթարի ենթարկվել։
Հնարավոր վտանգներից խուսափելու համար մասնագետներն առաջարկում են այլընտրանքային ճանապարհ գտնել և մինչև շինարարության ավարտը փոխել երթևեկի ուղղությունը։
Աշոտ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Այլընտրանքային ճանապարհը բնակավայրերի միջով պետք է անցնի, բայց քանի որ վերջին տարիներին մենք սուբվենցիայով դրանք նորոգել ենք, որոնք նախատեսված չեն ծանր մեքենաների համար, մտահոգություն ունենք, որ ասֆալտը չի դիմանա, կվնասվի։
Մարզպետարանը, գործակցելով «Ճանապարհային դեպարտամենտի» և համայնքապետարանների հետ, փորձում է կամուրջը շրջանցող այլ ճանապարհ գտնել․ դա և՛ անվտանգ կդարձնի երթևեկությունը, և՛ շինհրապարակը կազատի մեքենաների չդադարող հոսքից։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան