Տարեսկզբից ուժի մեջ են մտել համատիրություն-բնակիչներ հարաբերությունները կարգավորող՝ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքի փոփոխությունները, Կառավարությունն այժմ մշակում է օրենքը սպասարկող ենթաօրենսդրական ակտերը:
Առաջարկվող փոփոխություններն ամբողջությամբ կգործարկվեն 2025-ից: Քաղաքաշինության կոմիտեն որոշել է խնդրին աստիճանաբար լուծում տալ, ոլորտը միանգամից վերափոխելը ցնցումների կբերեր: Բազմաբնակարան շենքերի կառավարման այժմյան մոդելը մեր երկիրը ժառանգել է Խորհրդային Միությունից: Հանրությանը ավելի հայտնի ԺԷԿ-երը հիմա համատիրություններ են, որոնք էլ իրականացնում են բազմաբնակարանների կառավարումը: Իսկ բավարարո՞ւմ է արդյոք բնակիչներին համատիրության կատարած աշխատանքը:
Բնակիչ-համատիրություն հարաբերություններում խնդիրները շատ են, չնայած որ հենց բնակիչներն են ընտրում կառավարչին: Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է նախ գործող կառավարիչների համար վերապատրաստում անցկացնել:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Մտածում ենք գործակցել Ճարտարապետական համալսարանի հետ:
Քաղաքաշինության կոմիտեն 4 ուղղություն է առանձնացրել, որոնց վերաբերյալ գիտելիքների բացակայության դեպքում բազմաբնակարանների կառավարումն անհնար կլինի:
Տանյա Արզումանյան - Տեխնիկական՝ ինչ է շենքը, կրող պատը և այլն, շենքի մասին ճիշտ պատկերացումներ, երկրորդը՝ մենք պետք է ունենանք իրավական գիտելիքներ, այսինքն՝ դաշտը կարգավորող իրավական ակտերի մասին պատկերացում: Երրորդը՝ վարչարարության կարողություն՝ որոշումների կայացում, ժողովների հրավիրում, ծանուցումների ուղարկում: Ֆինանսական՝ ֆինանսականը ինչու, որովհետև շենքի պահպանումը կազմակերպվում է բյուջեի ձևավորմամբ, ապա՝ ծախսերով:
«Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահը փոփոխությունների փաթեթում մի շարք բացեր է տեսնում: Պնդում է, որ կառավարիչների մեծ մասը արդեն փորձառու է, վերապատրաստման հարցը սուր չէ: Արամ Գրիգորյանն այլ առաջարկ է անում: Համատիրությունները ամեն ոլորտի համար մասնագետներ պահելու ռեսուրս չունեն, կարծում է՝ պետությունը պետք է աջակցի մասնագիտացված կառույցների կայացմանը:
Արամ Գրիգորյան («Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Մասնագիտացված կառույց, որը զբաղվում է հոսանքների խնդրով, անվտանգային համակարգերի խնդրով, ջրային խնդրով, կամ մեկ կառույց, որը զբաղվում է էդ բոլոր խնդիրներով, որպեսզի ես՝ համատիրության կառավարիչս, իմ արհեստավարժությունը պիտի թույլ տա, որ տեղը իմանամ էդ կառույցի, շատ արագ ծառայությունը գնել, գումարը փոխանցել ու խնդիրը լուծել:
Ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում մտադիր են վերականգնել բնակիչների կողմից կառավարչի ընտրության պրակտիկան, նաև ամբողջությամբ անցում կատարել մատուցվող ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման համակարգին: Օրեր առաջ օրենքում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ 1.5 տարվա ընթացքում համատիրությունները նախ՝ կամավոր, ապա արդեն՝ պարտադիր հիմունքով կանցնեն թվային գործունեության, և ոչ միայն վճարումները օնլայն կկատարվեն, այլև ժողովները, ծանուցումներն ու տեղեկանքները կուղարկեն էլեկտրոնային հարթակի միջոցով: Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանի պնդմամբ՝ անկանխիկ վճարումների միտքը լավն է, բայց հիմա այն կյանքի կոչելու պահը չէր:
Արամ Գրիգորյան - Մարդիկ ինչպե՛ս են անկանխիկ վճարելու, էդ համակարգը չկա, կա, ավելի ճիշտ, բայց ճկուն չի, որ մարդիկ կարողանան արագ և հեշտ իրականացնեն անկանխիկ վճարները, և եթե անկանխիկ վճարները չեն իրականացվում, և մենք օրենսդիրին, Կառավարությանը հարցնում ենք՝ բա հետո՞ ինչ ա լինելու, ու ինքը չի կարողանում պատասխանել, ես չեմ կարծում, որ այս օրենսդրական փոփոխությանը պետք է գովաբանել:
Կոմիտեն հակառակն է պնդում՝ փոփոխություններն անհրաժեշտ են և ճիշտ ժամանակին: Այսօր գումարների գանձման գործընթացին առնչվող փոխադարձ բողոքներ կան բնակիչներից ու համատիրություններից: Ոմանք հրաժարվում են վճարել, քանի որ արդյունքը տեսանելի չէ, համատիրությունն էլ պնդում է՝ քանի դեռ գումարը նորմալ չի հավաքվում, որակյալ աշխատելը անհնար է, գումար գանձելու մեխանիզմներ էլ չկան: Կոմիտեում որոշել են այս հարցը ևս օրենսդրորեն կարգավորել. համապատասխան փոփոխություններից հետո սեփականատերը չի կարողանա գույքը օտարել, քանի դեռ չի մարել պարտքը: