Տեքստիլից մինչև ստվարաթղթի արտադրություն. ներկրվող մի շարք ապրանքատեսակներ վերջին տարիներին սկսել են իրենց տեղը զիջել հայկական արտադրանքին:
Մոտ 7 տարի առաջ հիմնած փոքր արտադրամասից այս ընկերությունը վերածվել է թղթե տոպրակներ և մեկանգամյա օգտագործման սպասք արտադրող խոշոր ընկերություններից մեկի:
Շավարշ Կարապետյան (արտադրամասի պետ) - Հիմնական սարքավորումները նոր ենք ձեռք բերել՝ վերջին 2-3 տարում:
Նոր սարքավորումները մի քանի անգամ ավելացրել են արտադրողականությունը, նվազեցրել ինքնարժեքը: Մոտ 6 ամիս է՝ գործարկել են նաև թափոնների վերամշակման արտադրամասը:
Շավարշ Կարապետյան - Նոր սարքավորումների շնորհիվ հնարավորություն ենք ստացել վերամշակել մեր արտադրական թափոնները, խոտանը, ստանալ առաջնային որակի թուղթ:
Նոր սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելու հարցում օժանդակել է կառավարությունը՝ տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում:
Կառավարության օժանդակությունը տեքստիլի ոլորտում գործող այս ընկերությանը ևս հնարավորություն է տվել թարմացնել սարքավորումները, ընդլայնել արտադրատեսակները:
Սևակ Ջիջիրյան (ընկերության համահիմնադիր) - Հայաստանում ավելի որակի վրա ենք աշխատում, որ լավ գործ տանք:
Ջիջիրյան ընտանիքը տեքստիլի ոլորտում է մոտ 20 տարի: Մեկնարկը Ֆրանսիայում էր, հետո՝ Բուլղարիա, մի քանի տարի է՝ արտադրության մի մասը տեղափոխել են Հայաստան:
Սևակ Ջիջիրյան - Սկսել ենք Եվրոպայի մարկետի վրա, Եվրոպայի վրա ու մի քանի մեծ բրենդների հետ ենք աշխատում:
Սարքավորումները իտալական են ու ճապոնական, հումքը՝ ամբողջությամբ եվրոպական:
Սևակ Ջիջիրյան - Մենք շատ ուրախ ենք, որ ստեղ՝ Հայաստանում, բոլորն ուզում են աշխատեն և առաջ գնան:
Մտածում են արտադրությունը ընդլայնելու մասին: Արտադրամասեր կհիմնեն նաև մարզերում:
Սևակ Ջիջիրյան - Մեր մեքենաները ուզում ենք 30 տոկոս ավելացնենք, մյուս տարի՝ 50 տոկոս, կարող ա՝ մի հատ էլ Երևանից դուրս գործարան բացենք:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը, որն էլ կմեծացնի տնտեսության ներուժը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Խրախուսում ձեռք բերել նոր սարքավորումներ՝ սուբսիդավորելով դրանց դիմաց վերցրած վարկերի տոկոսների ծանրակշիռ մասը:
Արդիականացման ծրագրի շրջանակում արդեն ձեռք են բերվել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ` շինարարության, փոխադրման և պահեստային տնտեսության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման, հանքարդյունաբերության ոլորտներում: Ամենաշատ օժանդակությունը տրամադրվել է մշակող արդյունաբերությանը՝ 58 մլրդ դրամ:
Վահան Քերոբյան - Ընկերությունները ոչ միայն սարքավորումների ձեռքբերման, այլև դրա տեղակայման հետ կապված կապիտալ շինարարական ծախսերի համար վերցրած վարկերի մի մասը ևս կսուբսիդավորվեն մեր կողմից:
Հստակեցվել են նաև սուբսիդավորվող ոլորտները՝ էլեկտրականության, գազի և գոլորշու արտադրության, նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հյուրանոցները կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից:
Վահան Քերոբյան - Իհարկե կառավարությունը ներդրում է անում և ֆինանսավորում է ծախսերը՝ ընկերությունների կողմից կատարվող, բայց դրա արդյունքում ընկերություններն էապես մեծացնում են իրենց թողարկման ծավալները, և, արդյունքում՝ բյուջե է վերադառնում անհամեմատ ավելի շատ գումար:
Տնտեսության արդիականացման ծրագրի մեկ այլ բաղադրիչով նաև փորձ է արվում լուծել մասնավոր և պետական հատվածում որակավորված մասնագետների պակասի խնդիրը: Ծրագիրը կգործի մինչև 2025 թվականը, կախված արդյունքներից՝ հնարավոր է երկարացվի՝ վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան