Հայաստանում գիտության ոլորտը զարգացնելու համար Գիտության կոմիտեն ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության մրցութային ծրագիր է մեկնարկել: Արդեն ութերորդ անգամ իրականացվող մրցույթը մինչև երեք տարի ժամկետով է, որին կարող են դիմել ինչպես առկա, այնպես էլ հեռակա սովորողները՝ ներկայացնելով իրենց գիտական թեմաները:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Շահելու դեպքում ասպիրանտը ստանում է յուրաքանչյուր ամիս 150 հազար դրամ աշխատավարձ: Եվս 50 հազար դրամ ասպիրանտի գիտական ղեկավարն է լրացուցիչ հավելավճար ստանում: Տարեկան 800 հազար էլ ասպիրանտը ունենում է իր այլ ծախսերի համար՝ սարքեր, սարքավորումներ, գործուղումներ, համակարգիչ:
Մրցույթին մասնակցող ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» ճյուղերի մասնագիտություններով։ Միայն անցած տարի ծրագրից օգտվել է ավելի քան 26 ասպիրտանտ և երիտասարդ հայցորդ։
Մովսիսյանի խոսքով՝ հետաքրքրվողների թիվը տարեցտարի աճում է։ Հիմնականում ակտիվ են բնագիտական ոլորտների ներկայացուցիչները, վերջին տարիներին ավելացել է նաև հումանիտար և հասարակական գիտություններով զբաղվող ասպիրանտների և հայցորդների թիվը։ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալը վստահեցնում է՝ մրցունակ թեմայի առկայության դեպքում մրցութային հանձնաժողովի որոշմամբ լավագույն աշխատանքները ֆինանսավորվում են:
Արթուր Մովսիսյան - Նպատակը շատ պարզ է. աճեցնել գիտնականների թիվ, մրցունակ գիտությամբ զբաղվեն մեր գիտաշխատողները, ունենանք նորմալ սերնդափոխություն, կարողանանք հասցնել, որ մեր տարեց գիտնականներին, որոնք տարիներով մրցունակ գիտություն են փորձել ապահովել, գտնենք արժանի փոխարինողներ:
Դրամաշնորհային մրցույթի անցած տարվա շահառուներից Լուսինե Աղաջանյանը երկրորդ տարին անընդմեջ օգտվում է աջակցությունից։ Նրա հետազոտության թեման հանրապետությունում սպիտակ արագիլների էկոլոգիայի ուսումնասիրությունն է. հավաքագրում է արագիլների պոպուլյացիայի վերաբերյալ արդիական տվյալները և խնդիրները։
Լուսինե Աղաջանյան (ծրագրի շահառու) - Նման աշխատանք իրականացնելու համար հսկայական ֆինանսական ծախսեր են պետք, քանի որ դաշտային աշխատանքերը շատ են՝ մեքենայի, վառելիքի, սարքավորումների և այլ ծախսեր են ներառում: Գիտության կոմիտեի այս դրամաշնորհի շնորհիվ ես իմ ծախսերը մեծամասամբ ապահովում եմ:
Գիտության կոմիտեն նմանատիպ այլ աջակցության ծրագրեր ևս ունի։ Գիտության կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ դրանք միտված են պայմաններ ստեղծելու, որ մրցունակ ֆինանսավորում առաջարկվի, և երիտասարդը գումարի պատճառով չդադարի զբաղվել գիտական աշխատանքով։
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան