ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Քեյփթաունում Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Իրանի և Ռուսաստանի գլխավոր դիվանագետների հանդիպումը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման հեռանկարներին:
ՌԴ ԱԳՆ տվյալով՝ նախարարները պայմանավորվել են ամրապնդել առևտրատնտեսական գործակցությունը և նշել Մոսկվայի ու Թեհրանի միջև արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակը։
ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովին: Կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական գործակցության հետ կապված հարցեր:
Վրաստանի կառավարության տվյալով՝ պաշտոնյաները դիտարկել են նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները: Նշվել է քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման կարևորությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաքուն և Թբիլիսին հաջողությամբ կյանքի են կոչում միջազգային և տարածաշրջանային նշանակության տարբեր տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային նախագծեր։ Ղարիբաշվիլին և Ջաբարովն անդրադարձել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման աշխատանքների ընթացքին։
ԲԱՔՎՈՒՄ ՓԱԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Իրանական պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը: Որպես պատճառ նշվում է երկու երկրների հարաբերություններում լարվածությունը:
«Իրանը բարի նպատակներ է հետապնդում իր հարևանների հետ հարաբերություններում և առկա խնդիրները փորձում լուծել երկխոսության միջոցով՝ զերծ մնալով լարվածություն հրահրող գործողություններից: Կենտրոնի գործունեության վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հակաիրանական պնդումները կեղծ են», - նշել է գործակալության աղբյուրը։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՅՏՆԵԼ Է ԲԵԼԳՈՐՈԴԻ ՄԱՐԶԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսական կողմը հայտնում է, որ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանը կրկին ենթարկվել է հրթիռակոծության: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով երկու կին է զոհվել, կան վիրավորներ: Գլադկովը հավելել է, որ 11 արկ էլ արձակվել է Վոլոկոնովսկի շրջանի ուղղությամբ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժածներ չկան։
Ռուսական կողմի տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են գործարկել նաև Կուրսկի ուղղությամբ, վնասվել են բնակելի շինություններ, տուժածների մասին տեղեկություններ չկան: Թիրախավորվել են նաև Սմոլենսկի շրջանի էներգետիկ համալիրի օբյեկտներ:
Ռուսաստանի տարածքի՝ վերջին շրջանում ակտիվացած հարվածներին է անդրադարձել Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է՝ Ռուսաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որ թշնամիները վտանգեն երկրում ներքին անվտանգությունը և սրեն լարվածությունը Դաշնության տարածքում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ երկրի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ օդային հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ռուսաստանը 30-ից ավելի հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, բոլորը խոցվել են:
Երկրի ռազմաօդային ուժերի խոսնակի տվյալով՝ կրկին թիրախավորվել են գլխավորապես մայրաքաղաք Կիևը և Կիևի շրջանը, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, սեփական տներ և ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մի շարք բնակիչներ պատսպարվել են մետրոյի կայարաններում և նկուղներում:
ԱՄՆ-Ը ՌՈՒՍՆԵՐԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը կաջակցի Չինաստանի, Բրազիլիայի կամ ցանկացած այլ երկրի մասնակցությանը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Հելսինկի աշխատանքային այցի շրջանակում: Էնթոնի Բլինքենը նշել է՝ հարկավոր է հնարավոր բոլոր միջոցներով Մոսկվային բերել բանակցությունների սեղանի շուրջ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ռուսների թշնամին չէ.
«30 տարի է՝ մենք Մոսկվայի հետ կայուն հարաբերություններ ենք պահպանում, քանի որ կարծում ենք, որ անվտանգ և բարգավաճ Ռուսաստանը բխում է նաև Վաշինգտոնի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը, հավելել՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելը ռազմավարական ձախողում էր, իսկ Ռուսաստանի պայմաններով հրադադարը արդար ու տևական խաղաղություն չի երաշխավորի։
Նա հայտարարել է՝ Վաշինգտոնն, այնուհանդերձ, կշարունակի ռազմական աջակցությունը Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը կարողանա ամրապնդել իր դիրքերը նաև դիվանագիտական դաշտում և հետագայում խուսափի ցանկացած հնարավոր ագրեսիայից:
Բլինքենը նաև հավատացրել է՝ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և միշտ բաց են մնալու։