Ռուսական կողմը հայտնում է, որ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանը կրկին ենթարկվել է հրթիռակոծության: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ուկրաինական ուժերի հարձակման հետևանքով երկու կին է զոհվել, կան վիրավորներ: Գլադկովը հավելել է, որ 11 արկ էլ արձակվել է Վոլոկոնովսկի շրջանի ուղղությամբ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, տուժածներ չկան։
Ռուսական կողմի տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են գործարկել նաև Կուրսկի ուղղությամբ, վնասվել են բնակելի շինություններ, տուժածների մասին տեղեկություններ չկան: Թիրախավորվել են նաև Սմոլենսկի շրջանի էներգետիկ համալիրի օբյեկտներ:
Ռուսաստանի տարածքի՝ վերջին շրջանում ակտիվացած հարվածներին է անդրադարձել Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ շեշտել է՝ Ռուսաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որ թշնամիները վտանգեն երկրում ներքին անվտանգությունը և սրեն լարվածությունը Դաշնության տարածքում:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ հունիսի 1-ի ուշ երեկոյան երկրի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ օդային հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ռուսաստանը 30-ից ավելի հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, բոլորը խոցվել են:
Երկրի ռազմաօդային ուժերի խոսնակի տվյալով՝ կրկին թիրախավորվել են գլխավորապես մայրաքաղաք Կիևը և Կիևի շրջանը, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, սեփական տներ և ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մի շարք բնակիչներ պատսպարվել են մետրոյի կայարաններում և նկուղներում:
ԱՄՆ-Ը ՌՈՒՍՆԵՐԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը կաջակցի Չինաստանի, Բրազիլիայի կամ ցանկացած այլ երկրի մասնակցությանը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Հելսինկի աշխատանքային այցի շրջանակում: Էնթոնի Բլինքենը նշել է՝ հարկավոր է հնարավոր բոլոր միջոցներով Մոսկվային բերել բանակցությունների սեղանի շուրջ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ռուսների թշնամին չէ. «30 տարի է՝ մենք Մոսկվայի հետ կայուն հարաբերություններ ենք պահպանում, քանի որ կարծում ենք, որ անվտանգ և բարգավաճ Ռուսաստանը բխում է նաև Վաշինգտոնի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է՝ Վաշինգտոնը, այնուհանդերձ, կշարունակի ռազմական աջակցությունը Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը կարողանա ամրապնդել իր դիրքերը նաև դիվանագիտական դաշտում և հետագայում խուսափի ցանկացած հնարավոր ագրեսիայից:
Բլինքենը նաև հավատացրել է՝ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և միշտ բաց են մնալու։
ՆԱՏՕ-Ն ԽԱՂԱՂԱՊԱՀ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԿՈՍՈՎՈ
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պատրաստակամություն է հայտնել մի քանի ամսից տարածաշրջանի հյուսիսային 4 բնակավայրի ղեկավարների նոր ընտրություններ անցկացնել՝ չնայած ավելի վաղ հայտարարել էր, որ նման տարբերակ չեն դիտարկի։
Ավելի վաղ Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում մի քանի քաղաքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել, և դրանց արդյունքում ալբանացի քաղաքապետներ էին ընտրվել, ինչի պատճառով սերբ բնակչությունը ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները:
«Ես շատ լավ գիտեմ, որ նորընտիր քաղաքապետներին բնակչությունը չի ընդունում: Պատրաստ եմ ջանքեր գործադրել, որ լարվածությունը նվազի: Իսկ հետո, երբ այլևս սպառնալիքներ չլինեն, Կոսովոյի ռազմական ոստիկանությանը հետ կկանչեմ փողոցներից: Սա է իմ առաջարկը՝ հանուն խաղաղության»,- ասել է վարչապետը:
Երեկ Մոլդովայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը հանդիպումներ էին անցկացրել Կոսովոյի և Սերբիայի նախագահների հետ՝ կոչ անելով Կոսովոյի հյուսիսի սերբաբնակ չորս տարածքներում նոր ընտրություններ անցկացնել:
Մինչ այդ Կոսովո ՆԱՏՕ-ի խաղաղապահ լրացուցիչ ստորաբաժանում է ուղարկվել՝ ճգնաժամը վերահսկելու նպատակով: