ՔԻՇՆԵՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԶԵԼԵՆՍԿԻՆ
Իլհամ Ալիևը Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի մարդասիրական օգնության համար։ Կողմերը նաև նշել են, որ աջակցում են երկու երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունների մասին: Նախագահները գոհունակություն են հայտնել երկկողմ գործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։
Ալիևը նշել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի նոր դեսպան է նշանակվել, որը շուտով կանցնի աշխատանքի։
ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ՇՈԼՑԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Ֆրանսիան և Գերմանիան Մոլդովայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի ընթացքում կոչ են արել Կոսովոյի հյուսիսում սերբաբնակ չորս տարածքներում ՏԻՄ նոր ընտրություններ անցկացնել: Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը հանդիպումներ են անկացրել Սերբիայի և Կոսովոյի նախագահների հետ:
«Օլաֆ Շոլցի հետ երկու կողմից պահանջել ենք անհապաղ ընտրություններ նշանակել՝ սերբական կողմի մասնակցությամբ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Կոսովոյի նախագահը հայտարարել է, որ կդիտարկեն հյուսիսային սերբաբնակ տարածքներում քաղաքապետների նոր ընտրությունների հնարավորությունը:
Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվեց անցած շաբաթ այն բանից հետո, երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում մի քանի քաղաքում անցկացվեցին ընտրություններ, և դրանց արդյունքում ընտրվեցին ալբանացի քաղաքապետներ: Կոսովոյի սերբ բնակչությունը ցույցեր է անցկացրել, պահանջել չեղարկել ընտրության արդյունքները: Բախումներ են գրանցվել ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի և ակցիայի մասնակիցների միջև, տուժել են տասնյակ սերբեր, նաև՝ ՆԱՏՕ-ի 40-ից ավելի խաղաղապահ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻ ՇԱՐՔ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Ուկրաինական կողմը հայտնել է, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան երկրի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ օդային հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ռուսաստանը 30-ից ավելի հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, բոլորը խոցվել են:
Երկրի ռազմաօդային ուժերի խոսնակի տվյալով՝ կրկին թիրախում են հայտնվել գլխավորապես մայրաքաղաք Կիևը և Կիևի շրջանը, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, սեփական տներ և ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցները գրում են, որ Կիևի մի շարք բնակիչներ պատսպարվել են մետրոյի կայարաններում և նկուղներում:
ԲԱՔՎՈՒՄ ՓԱԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Իրանական պետական IRNA գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային խորհրդատվական գրասենյակը: Որպես պատճառ նշվում է երկու երկրների հարաբերություններում լարվածությունը:
«Իրանը բարի նպատակներ է հետապնդում իր հարևանների հետ հարաբերություններում և առկա խնդիրները փորձում լուծել երկխոսության միջոցով՝ զերծ մնալով լարվածություն հրահրող գործողություններից: Կենտրոնի գործունեության վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հակաիրանական պնդումները կեղծ են»,- նշել է գործակալության աղբյուրը։
APPLE-Ը ՀԵՐՔԵԼ Է ՌԴ ԱԴԾ-Ի ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Apple ընկերությունը հերքել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մեղադրանքները, թե ընկերության սարքերն օգտագործվել են ռուս օգտատերերին, ինչպես նաև Ռուսաստանում օտարերկրյա դեսպանատների աշխատակիցներին լրտեսելու և ստացված տվյալները ԱՄՆ հետախուզական գերատեսչություններին տրամադրելու համար:
«Ընկերությունը երբեք չի գործակցել որևէ կառավարության հետ, Apple-ի սարքերում երբեք ծրագրային թակարդներ չեն տեղադրվել և չեն տեղադրվի»,- Reuters գործակալության փոխանցմամբ նշել է Apple-ում: