Մանուկ Բեյի՝ Մանուկ Էմանուել Միրզոյանի պալատն է սա, Մոլդովայում: Համարվում է Մոլդովայի հպարտությունը, քանի որ երկրում իր տեսակի մեջ կառույցը եզակի է: Այս պալատն իր դռները բացել է 2017 թ. ապրիլի 18-ին: Հենց այստեղ է հայ համայնքի հետ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մոլդովայում կա 3 հայկական եկեղեցի, 2-ը՝ Քիշնևում: Ոչ պաշտոնական տվյալով՝ այժմ Մոլդովայում ապրում է 4-5000 հայ, հիմնականում՝ Քիշնևում, ունեն փոքր բիզնես, ինչպես տեղացիներն են պատմում՝ այստեղ հայերը ամենաշատը լավաշ են թխում:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՆԳԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Հայ համայնքի հետ վարչապետի զրույցը Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո էր: Մինչև հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը հանդիպումից մանրամասներ հայտնեց.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծես թե կողմերը ընդգծեցին, որ դեմ չեն, որ հետագա սահմանագծման համար հիմք վերցնեն 1975 թ. քարտեզները: Սա նշանակում է ևս մեկ քայլ՝ վերահաստատելու 29.800 և 86.600 քառակուսի կիլոմետրերը, մենք վերահաստատեցինք, որ կողմերի սուվերենության ներքո պատրաստ ենք ապաշրջափակմանը, մանրամասն քննարկում է ունեցել ԼՂ հայերի իրավունքների մասով, մեր եվրոպացի գործընկերներն են որոշակի դիրքորոշումներ արտահայտել:
Հուլիսի 21-ին հաջորդ եռակողմը կլինի՝ Բրյուսելում, մինչև այդ՝ հունիսի 12-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Միացյալ Նահանգներում, եռակողմ աշխատանքային հանդիպում է լինելու նաև Մոսկվայում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված:
ՈՒԶՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԼԻՆԻ. ՎԱՐՉԱՊԵՏ
Ես շատ ուզում եմ, որ որպես ՀՀ վարչապետ հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական», ՀՀ-ն լինի նպատակ` որպես ինքնիշխան և բարեկեցիկ պետություն, բայց լինի նաև միջոց՝ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության, անվտանգության և երջանկության համար՝ իր ցանկություններով է կիսվում Փաշինյանը:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱՐՉԱՊԵՏ
Վարչապետը նշեց՝ հաճախ խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, մտածում, թե ո՞վ կերաշխավորի մեր անվտանգությունը: Ըստ նրա՝ պետք է մտածել ոչ թե ով, այլ ի՞նչը կերաշխավորի մեր անվտանգությունը:
Եթե խոսքը «ով»-ի մասին է, «ով»-ը միշտ էլ կարող է փոխվել, նրա կամքը մեր կառավարելիության տիրույթում չէ: Իսկ ի՞նչը՝ խաղաղությունը, կարող է ապահովել մեր անվտանգությունը: Եվ մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը կլինի մեր կառավարելիության տիրույթում: Սա իրականում շատ բարդ խնդիր է: Ոչ մի երաշխիք չկա, որ մենք այդ խնդիրը պատշաճ ձևով կկարողանք լուծել, բայց կա իրական հնարավորություն
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ
Անցնելով հարցերին՝ համայնքի ներկայացուցիչները նախ շնորհավորեցին վարչապետի ծննդյան օրը: Սահմանագծման համար ինչու է ընտրվել հենց 1975 թ. քարտեզը: Վարչապետը շեշտում է՝ 70-ականների բոլոր քարտեզներում Հայաստանը նույն տարածքով է ներկայացված, 75-ինը պարզապես գլխավոր շտաբի հրապարակած թերևս վերջին քարտեզն է: Բայց անգամ այդ դեպքում դեռ ճշտումներ պետք է արվեն:
Նենց չի, որ մենք ամբողջ օրը երազում ենք՝ ինչ տանք: Մենք պատրաստ ենք տալ ու ստանալ, մենք ուզում ենք չեզոքացնել պատրվակը ագրեսիայի համար: Բայց ոչ մեր շահերի հաշվին: Նույն Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը ադրբեջանցիների հսկողության տակ է, էդ գյուղի ժողովուրդը իր բարեկեցությունը զարգացնելու հնարավորություն չունի: Մենք պետք է շարունակենք այս ճանապարհով գնալ, որպեսզի որևէ լեգիտիմացնող առիթ չտանք Ադրբեջանին` ագրեսիվ քաղաքականություն վարելու համար, բայց սա անելիս, լինենք անկեղծ, չստացվի, որ ամեն անգամ ուզում ենք միջազգային հանրությանը կամ դիմացինին մոլորության մեջ գցել: Լավ լուրն ինձ համար այն է, որ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ Երևանում` փակ սենյակում և հրապարակային, նույն բանն եմ խոսում, դա շատ կարևոր առավելություն է:
Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կարող է առաջացնել՝ շեշտում է վարչապետը: Փաշինյանի կարծիքով՝ անկլավների հարցը օգտագործվում է Հայաստանի հանրության վրա հոգեբանական ճնշում գործելու համար:
Ես էս վերջերս գնացել էի Ոսկեպար, մարդկանց ասեցի՝ կոնկրետ որոշում չկա, բայց լարվածությունը թուլացնենք, քաղաքական մակարդակով խնդիր չկա, էնքան հարց կա էդտեղ, քանի որ սահման կա անկլավի երկրի արանքում: Հարց է առաջանում. եթե երթուղին փոխվի, Երասխի վիճակը ո՛նց կլինի, բայց կարևոր է՝ խաղաղության, թե պատերազմի մասին է: եթե խաղաղության մասին է, դա էն լրջության հարցը չէ, որ մենք խոսենք:
Ադրբեջանի էսկալացիաները երկրի զարգացումը խաթարելու համար են, բանակցություններում փոքր քայլերով առաջ են գնում, բայց ամեն ինչ դեռ հեղհեղուկ է, դրա համար էլ բոլոր մանրամասները դեռ շատ նախնական են:
ՇԱՏ ԲԱՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ. ՓԱՇԻՆՅԱՆ
Մոլդովայում ապրող հայերին Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ելույթը բաց կլինի՝ շատ բաներ կան, որ պետք է իմանաք՝ ընդգծեց նա:
Հանդիպումից հետո վարչապետը շրջեց Մանուկ Բեյի պալատում, իսկ բակում տեղի հայերը սպասում էին՝ վարչապետի հետ լուսանկարվելու համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան