Կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները պարտադիր վերապատրաստում կանցնեն: Հայտագրումն արդեն սկսվել է: Գործընթացը իրականացնելու է հինգ բուհ, որոնք նախապես են ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցրել ատեստավորման վերապատրաստման ծրագրերը: 60-ժամանոց վերապատրաստումը լինելու է ամռանը, սեպտեմբերին կմեկնարկի ատեստավորումը:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Մենք՝ որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին անհրաժեշտ է աջակցել, և եթե իրենք չեն կարողացել նախորդ տարի հաղթահարել, նշանակում է՝ մենք այս տարի պետք է ինչ-որ կերպ նախապատրաստենք, աջակցենք, որ այս տարի ավելի պատրաստված լինենք կամավոր ատեստավորման գործընթացին:
Կամավոր ատեստավորմանը 2022-ին մասնակցելու հնարավորություն ունեցող 29.441 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 2300-ը, հաղթահարել՝ 66 տոկոսը. աշխատավարձի բարձրացում է ստացել 1059 մանկավարժ, որոնք անցել են 70 միավորի շեմը: Իսկ ի՞նչ է լինելու վերապատրաստումից հետո ատեստավորումը երկրորդ անգամ չհաղթահարած ուսուցիչների հետ:
Արաքսյա Սվաջյան - Ենթադրվում է, որ այդ ուսուցիչները պիտի որ չշարունակեն իրենց գործունեությունը: Ուսուցիչը, որը երկու անգամ, առավել ևս՝ վերապատրաստում անցնելուց հետո, նվազագույն շեմը իր առարկայի դասավանդման գիտելիքների չի կարողանում ապահովել, արդեն իսկ կասկածի տակ է դնում այն հանգամանքը, թե ուսուցիչը ինչ գիտելիքներ է փոխանցում իր դասարանում սովորող աշակերտներին:
Կենսաբանության ուսուցչուհի Արև Միքայելյանը ատեստավորում անցել է երկրորդ փորձից: Վստահ է՝ վերապատրաստումները չեն կարող օգնել ուսուցիչներին՝ պատրաստվել գործընթացին, քանի որ չկա հստակ բազա, որտեղից կարելի է օգտվել: Ուսուցիչը չգիտի՝ իրեն ինչ են հարցնելու, և ինչ պետք է ուսումնասիրի: Սոցիալական ցանցում ուսուցիչները խումբ են ստեղծել, որտեղ այս պահին ավելի քան 10 հազար մանկավարժ կա. Միքայելյանի խոսքով՝ շատերը վստահեցնում են՝ չեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը, գրանցվածների մի մասն էլ հետ է վերցնում հայտերը: Աշխատանքից ազատելու դեպքում էլ, ըստ նրա, պատրաստ են նույնիսկ դատարան դիմել:
Արև Միքայելյան (թիվ 184 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի) - Կամավորի հիման վրա մարդուն աշխատանքից ազատել կամ պարտադրել, որ գա վերապատրաստվի, այն դեպքում, երբ որ անգամ վերապատրաստող ուսուցիչները չգիտեն՝ ինչ վերապատրաստեն, որովհետև չգիտեն, թե ի՛նչ սահմանների մեջ է լինելու այդ հարցաշարը:
Կրթության փորձագետը չնայած կամավոր ատեստավորումը դրական է համարում, բայց նշում է՝ կողմնակի ազդեցությունները լավ հաշվարկված չեն: Ըստ Խաչատրյանի՝ վերապատրաստումը ոչ թե պետք է անցկացնել գործընթացը չհաղթահարած ուսուցիչների շրջանում, այլ մինչև ատեստավորման առաջին փուլը, որ ուսուցիչները նման խնդիրների չբախվեն:
Սերոբ Խաչատրյան (կրթության փորձագետ) - Լավ, հիմա գնացինք, ենթադրենք՝ չհաղթահարեցինք ու դուրս մնացինք: Ունե՞նք մենք բավարար թվով մարդիկ, որոնք կարող են լրացնել այդ պակասը: Կարծում եմ, որ այս մոտեցումները ճիշտ կլիներ ներդնել այն իրավիճակում, երբ դու ունես աշխատուժի բավարար քանակ և նույնիսկ ավելցուկ, մենք ունենք ուսուցիչների պակաս:
Այս տարվանից ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։ Փոխնախարարը նշում է՝ ամեն ինչ անելու են, որ մի քանի տարվա ընթացքում դպրոցներում աշխատող բոլոր մանկավարժները մասնակցեն կամավոր ատեստավորմանը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան