Վերադարձվում են գումարներ. ոչ բոլոր դեպքերում է հաղորդագրություն լինում, որովհետև մեկ-մեկ, գործի շահերից ելնելով, կարող ենք հաղորդագրություն չտարածել, մեկ-մեկ գործի բնույթն այդպիսին է, որ պետք չէ, կամ մեծ կարևորություն չենք տալիս: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պետությանը պատճառված վնասի վերականգնման դեպքերի հրապարակայնացմանը՝ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
«Օրինակ՝ այս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 մլն դրամ, ունենք քրեական վարույթ հետաքրքիր զուգադիպությամբ, որ մոտ 250 մլն դրամի հիմնավորվել է վնասը, որը նույնպես, կարծում եմ՝ կվերականգնվի»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ կա մեկ քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնասը, ինչի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված: «Նախկին պաշտոնատար անձ չէ, ներկա էլ չէ, բիզնեսմեն է»,- ասաց Սասուն Խաչատրյանը: