ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։
Դրամարկղային ծախսը կազմել է 854 միլիոն 895 հազար դրամ: Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը` ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ։ Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը հիշեցրեց՝ 2022 թվականին լրացել է նախորդ ԿԸՀ բոլոր անդամների պաշտոնավարման ժամկետը։ Գործող ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունները ստանձնել են 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում» և «Ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայության» տողով 2022 թվականի համար հատկացված է եղել 420 միլիոն 984 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 400 միլիոն 736 հազար դրամ: Նախորդ տարի ԿԸՀ-ն ունեցել է բյուջեի չիրացված մնացորդ աշխատողների «Աշխատավարձներ և հավելավճարներ, պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածներով (ազատ հաստիքները համալրվել են 2022 թվականի 2-րդ կիսամյակում):
Տնտեսումներ են արձանագրվել «Էներգետիկ ծառայություններ, կապի ծառայություններ», «Գործուղումների» և «Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպությունների անդամակցության» հոդվածներով:
Ընդհանուր կայացած գնումների արդյունքում ևս գոյացել է հաշվարկային տնտեսում:
«Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում» տողով 2022 թվականի տարեկան ճշտված նախահաշվով հատկացվել է 58 միլիոն 851 հազար դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 11 միլիոն 831 հազար դրամ:
Վահագն Հովակիմյանն անդրադարձավ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջին, ըստ որի հանձնաժողովը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է կազմակերպի ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթաց։
2022 թվականին դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է ընդամենը 3577 դիմումատու, իսկ այս տարվա դասընթացներին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, ԿԸՀ-ն ստացել է 9339 հայտ։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպում» տողով 2022 թվականին ընտրությունների կազմակերպման համար հատկացվել է 827 միլիոն 533 հազար դրամ: Տարեկան ճշտված նախահաշվով հատկացումը կազմել է 468 միլիոն 533 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 442 միլիոն 326 հազար դրամ: Չիրացված տնտեսումը կազմել է 26 միլիոն 207 հազար դրամ: Ծախսերը կատարվել են 27.03.2022 թվականին և 25.09.2022 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների համար:
ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ որպես հանձնաժողովի գործունեության գնահատական կարող է դիտարկվել անցկացված ընտրությունների և արդյունքների բողոքարկման հարաբերակցությունը։ 2022 թվականին ՀՀ 9 մարզերի 19 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որից 18-ը՝ համամասնական, 1-ը՝ մեծամասնական ընտրակարգով, որևէ մեկում քվեարկության արդյունքները չեն բողոքարկվել։