Օսլոյում ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպմանը չի մասնակցում միայն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հիմնական օրակարգային հարցերն են Ուկրաինայում և Կոսովոյում իրավիճակը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերի ավելացումը, Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստումը, կառույցին Շվեդիայի անդամակցության հարցը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Ուկրաինան պետք է դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, սակայն կառույցը դեռ որոշում չի կայացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ: Նա հավելել է՝ ՆԱՏՕ-ի համար ամենակարևորն այն է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում:
«Մենք չգիտենք՝ ե՛րբ կավարտվի պատերազմը, բայց պետք է ջանքեր գործադրենք, որ երբ այն ավարտվի, ապագայում կարողանանք երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը և կոտրենք Ռուսաստանի ագրեսիայի օղակը»,- ասել է Ստոլտենբերգը:
ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները համակարծիք են, որ Կիևը պետք է դաշինքի անդամ դառնա, սակայն այժմ կենտրոնացած են Ուկրաինային միջնաժամկետ և երկարաժամկետ պաշտպանական աջակցության վրա և քայլեր են ձեռնարկում, որ Ուկրաինան համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Նա նաև հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Վիլնյուսի հուլիսյան գագաթնաժողովում պատրաստվում է Ուկրաինային «քաղաքական և գործնական աջակցության շատ հզոր փաթեթ» տրամադրել։ Մինչ այդ՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի հույսերը ավելի ու ավելի են մարում, քանի որ այդ կառույցներին անդամակցության հարցում դրական ազդակներ չկան։
***
Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ Շեբեկինսկի շրջանը հերթական անգամ գնդակոծվել է։ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ հարվածների հետևանքով Շեբեկինո քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել: Պաշտոնյան տեղեկացրել է, որ ավելի ուշ Բելգորոդում կրկին պայթյուն է լսվել, նախնական տվյալով՝ ճանապարհին ԱԹՍ է ընկել: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:
Ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է՝ ռուսական զորքերը խափանել են Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքի բնակիչների դեմ Կիևի հերթական ահաբեկչության փորձը:
«Այսօր առավոտյան ռուսական կողմը Ուկրաինայի հետ սահմանային գոտում չեզոքացվել են ուկրաինացի ավելի քան 30 զինյալ, 4 զրահապատ մարտական մեքենա և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որոնք փորձում էին ներխուժել քաղաք»,- մանրամասնել է Կոնաշենկովը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Շեբեկինո քաղաքի մի շարք բնակիչներ տարհանվել են, նրանց ընդունել են Բելգորոդի ժամանակավոր տեղակայման կենտրոնում:
Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի ողջ շրջանում գիշերը և առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Շչակներ են գործարկվել նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի և Խարկովի շրջաններում, ինչպես նաև Զապորոժիեում: Կիևի շրջանային և քաղաքային ռազմական վարչությունները հայտարարել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ ռուսական ուժերն արձակել են 10 հրթիռ, բոլորը խոցվել են, սակայն կան ավերածություններ: Կիևում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ և ավտոմեքենաներ։ Կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխաներ:
***
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատում քննարկվում է օրինագիծ, որով չեղյալ կհայտարարվի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին վիրավորելու և նրա անձեռնմխելիության երաշխիքները խախտելու համար քրեական պատասխանատվությունը: Երկրի դատաիրավական բարեփոխումների հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ դեռ 2022 թվականին Ղազախստանի Սահմանադրությունից նաև հանվել է «ազգի առաջնորդ»՝ «ելբասի» տիտղոսը։
***
Ռեջեփ Էրդողանը մայիսի 28-ին կայացած նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքներով պաշտոնապես հաղթող է ճանաչվել: Նա Թուրքիայի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ևս 5 տարի։
«Էրդողանը ստացել է ձայների 52,18, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոսը»,- տեղեկացրել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավարը:
Ահմեդ Էների խոսքով՝ երկրորդ փուլում ընտրությանը մասնակցությունը երկրում կազմել է 85,72%, իսկ արտերկրում՝ 56,34%։ Ընդհանուր առմամբ քվեարկել է շուրջ 54 մլն մարդ։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ հունիսի 3-ին: Թուրքական կողմի տվյալով՝ մի շարք երկրների ղեկավարներ ցանկություն են հայտնել մասնակցելու միջոցառմանը:
Վլադիմիր Պուտինի օգնականը տեղեկացրել է, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։